Մանկավարժական համալսարանում բացվել է ժամանակակից հերթական ընթերցասրահը, որի հանդիսավոր բացմանը ներկա են եղել բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղարներ Մարկ Կալինինը, Իգոր Կուսովը, կրթական ծրագրերի ղեկավարի տեղակալ Նատալյա Երյոմենկոն, Հայաստանում ռուսաց լեզվի կրթալուսավորչական ծրագրերի Ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի համակարգող Սոնա Սարաջյանը, ինչպես նաեւ Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ներկաներին ողջունել են համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ով ուսանողների եւ դասախոսների անունից շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Մանկավարժական համալսարանին շուրջ 770 միավոր գիրք նվիրելու համար. «Համալսարանի հզորությունը որոշվում է նրա գրադարանով: Ընթերցասրահին նվիրած ռուս գրականության հատորյակները բուհի համար անգնահատելի նշանակություն ունեն. գիրքը մնայուն եւ հզորագույն արժեք է»:

Ընթերցասրահում կա մասնաշենքի ֆակուլտետների մասնագիտական  շուրջ 7500 միավոր գիրք, 11 համակարգիչ, գծային եւ օդային գերարագ համացանց եւ տեխնիկակական այլ հնարավորություններ: Առաջիկայում նախատեսվում է Մանկավարժական համալսարանում բացել եւս մի քանի ընթերցասրահ:

Նույն օրը «Սեր` պոեզիայի, երաժշտության եւ անձրեւի միջոցով» խորագրով միջոցառմամբ Մանկավարժական համալսարանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում  Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարի` Ֆրանկոֆոնիայի հարցերով խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորդասախոսական կազմն ու ուսանողներ:

Անրի Ռենոն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ Մանկավարժական այցելելն  իր համար միշտ սպասված է. «Բուհն  այն եզակի  հաստատությունն է, ուր Ֆրանկոֆոնիայի օրերի նշումը չի սահմանափակվում սեմինարներով եւ գիտաժողովներով. մշակութային ամենատարբեր միջոցառումները, երիտասարդների սիրո խոստովանությունն ամենասիրառատ լեզվով  տոնը դարձնում  է անմոռաց»:

Համալասարանի Օտար լեզուների եւ այլ ֆակուլտետների մի խումբ  ուսանողներ  միջոցառման ողջ ընթացքում ֆրանսիական երաժշտության, պարի եւ պոեզիայի  միջոցով  ներկաներին հաղորդել են Ֆրանսիայի շունչը, նրանց ծանոթացրել ֆրանսիական մշակույթին եւ  դրա յուրահատկություններին:

Միջոցառման ավարտին ռեկտոր Ռուբեն  Միրզախանյանը  մեծագույն պատիվ է համարել դեսպանի ներկայությունը բուհում եւ խոստովանել` նույնիսկ անձրեւի ժամանակ,  երբ սիրո լեզվով են խոսում՝ սկսում է շողալ արեւը:

Նշենք, որ Մանկավարժականում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումները կշարունակվեն: