Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջան կատարած  աշխատանքային շրջայցի շրջանակում հետեւել է քաղաքապետարանի 2013թ-ի ծրագրերով ընթացող բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետը նախ ծանոթացել է առաջիկայում Հյուսիսային պողոտայում նախատեսվող լայնածավալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքների նախագծին: Հատկանշական է, որ այս ծրագրի իրականացումը կդառնա քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հերթական հաջողված օրինակը: Ծրագրի շրջանակում, մասնավոր ներդրումներով, պողոտայի ճեմուղիների բետոնյա ծածկը ամբողջությամբ կփոխարինվի բնական քարով, մոտ երեք անգամ կավելանան կանաչ տարածքները, կնորացվեն նաեւ նստարաններն ու արտաքին լուսավորության ցանցը:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շարլ Ազնավուրի հրապարակ եւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածք եւ հետեւել այդ վայրերում իրականացվող  սալահատակի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այս աշխատանքները 2013 թվականի զարգացման ծրագրերում են ընդգրկվել քաղաքացիների առաջարկությամբ: Իսկ այս տարի, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կիրականացվի հրապարակների  5080 քմ եւ  մայթերի 21300 քմ սալապատում, ինչպես նաեւ 86800 քմ մայթերի ասֆալտապատում:

«Ազնավուրի հրապարակի եւ Վարդան Մամիկոնյանի արձանին հարակից տարածքի սալահատակը, վերջին տարիների ընթացքում գրեթե քայքայվել էր: Նշված տարածքները, որոնք երեւանցիների համար հանգստի սիրելի վայրերն են, արդեն շատ շուտով բարեկարգ վիճակում կհանձնենք մեր քաղաքացիների տնօրինմանը: Զուգահեռաբար տարեկան ծրագրով բոլոր վարչական շրջաններում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում նաեւ մայթերի բարեկարգման ուղղությամբ: Վստահ եմ, որ մի քանի տարվա ընթացքում անբարեկարգ մայթերի խնդիրն ամբողջությամբ դուրս կգա օրակարգից»,- նշել է քաղաքապետը: 

Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ վարչական շրջանում մեկնարկած բակային տարածքների բարեկարգման ու կանաչապատաման աշխատանքների ընթացքին: Ժամանակակից խաղահրապարակներից, զրուցարաններից ու նստարաններից բացի, որոշ բակերում կկառուցվեն նաեւ ֆուտբոլի փոքր խաղադաշտեր:

Ի պատասխան բնակիչների գոհունակության, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հորդորել է պահպանել ու խնամքով վերաբերել կատարած աշխատանքին եւ հավելել, որ բակերի բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական:

Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում:

Կենտրոն վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Հրազդանի կիրճ՝ մարզասեր երեւանցիների կողմից սիրված «չռիկի» տարածք: Այցի առիթը քաղաքապետի կողմից մարզասեր երեւանցիներին մարզական գույքի նվիրաբերումն էր: Նման խնդրանքով քաղաքապետին էին դիմել այս վայրում երկար տարիներ մարզվող երեւանցիները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի արձագանքը, ինչպես նշում էին մարզասերները, անսպասելի արագ էր եղել:

Քաղաքապետի անակնկալ նվերից  հաճելիորեն տպավորված մարզասերներն իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին, ընդգծելով, որ շատերին են խնդրել օժանդակել այս հարցում, սակայն հարցին լուծում տվեց հենց քաղաքապետը, ընդ որում սեփական նախաձեռնությամբ: