Դավթաշեն վարչական շրջանում «Դեյզի» կոչվող այգում, որը պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին, 100-ից ավել ծառահատումներ են կատարվել եւ դեռ շարունակվում են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Դավթաշենի մի խումբ բնակիչներ: «Այգին բացվել էր 1991-1992թ-ին գազաններ, թռչուններ կային, որոնք արդեն չկան: Ավելին` վերջին ամիսներին 100-ից ավելի ծառեր են հատել: Մնացել էին միայն բարդիները, հիմա էլ դրանք են փորձում հատել: Ցուցանակում գրված է, որ մանկական կենտրոն են կառուցում: Ինչ մանկական կենտրոնի մասին է խոսքը, երբ բոլորը ծառերը հատում են»,- դժգոհեցին Դավիթաշենի բնակիչները: Բնակիչների բողոքը այդքանով չէր սահմանափակվում: Նրանք դժգոհեցին, որ երբ քաղաքի կենտրոնում մեկ հատ ծառ են հատում, բնապահպանները հարցը քաղաքականացնում են եւ մեծ աղմուկ սարքում, իսկ այս դեպքում` ոչ մի ուշադրություն: Այնինչ` արդեն հատված եւ հատվող ծառները, ոչ միայն երիտասարդ են, այլեւ հսկայական աշխատանքներ են տարվել այն  ծառները մեծացնելու համար:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, այգու սեփականատեր Ռուբեն Գեւորգյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ` պատճառաբանելով, թե խիստ զբաղված է, եւ անջատեց հեռախոսը:

NEWS.am-ը զրուցեց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ: Նա փոխանցեց, որ վարչական շրջանը չի կարող խնդրին միջամտել, քանի որ այգին ամբողջությամբ սեփականատեր ունի: «Դա մասնավոր սեփականություն է  եւ մենք նույնիսկ ներս մտնելու իրավունք չունենք: Սակայն շինարարական աշխատանքներն իրականացնելու համար սեփականատերն օրինական թույլտվություն ունի», - ասաց Ռուսլան Բաղդասարյանը: