2013թ. մարտին լույս է տեսել  ամերիկահայ գրող Նենսի Կրիկորյանի «Ողջ լույսը, որ այնտեղ կար» վեպը, որը ինչպես եւ նրա նախորդ գործերը, շոշափում է հայկական թեման: Այս անգամ նրա վեպի հերոսները Ցեղասպանությունից մազապուրծ հայերն են, որոնք հասել են Ֆրանսիա եւ որտեղ Երկրորդ համաշխարահայինի տարիներին պայքարում են իրնց գոյության համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց իր նոր գրքի մասին:

Ձեր նոր գիրքը` «Ողջ լույսը, որ այնտեղ կար» հայ աղջկա մասին է, ով նացիստական օկուպացիայի շրջանում ապրում է Փարիզում, իսկ նրա եղբայրը Դիմադության անդամ է: Ինչպե՞ս է ծագել այս գաղափարը: Ձեր հերոսները մտացածի՞ն են, թե՞ Դուք անձամբ ծանոթ եք Դիմադրության հայազգի մասնակիցների հետ:

Երբ պատրաստվում էի գրել իմ երկրորդ վեպը` «Հացի եւ կրակի երազանքներ»,  ուսումնասիրում էի մարքս-լենինյան շրջանի հեղափոխության բնորոշիչները: Ես կարդում էի ամեն ինչ`  սկսած  «Weather Underground» -ից մինչեւ Կարմիր ջոկատների եւ Ֆրանսիայում Դիմադրության շարժման մասին գրքերը: Այդ ժամանակ ես դիտեցի նաեւ 1984թ. նկարահանված ֆրանսիական փաստագրական «Պաշտոնաթող ահաբեկիչներ» ֆիլմը, որը պատմում էր  հայազգի գրող Միսաք Մանուշյանի ջոկատի մասին: Մանուշյանի պատմությունն էլ ստիպեց ինձ մտածել այն մասին, թե  ինչպես էին Ցեղասպանությունը վերապրած հայերը  փորձում իրենց նոր կյանքը ստեղծել Փարիզում` տեսնելով, թե ինչպես են քաղաքում, որն իրենց  ապաստան է տվել, շարժվում նացիստական զինվորականները: Փարիզում ես հանդիպեցի մի քանի հայերի, որոնք ակտիվ մասնակցել են Դիմադրությանը, որոնց թվում էին Արսեն Շաքարյանը, ով եղել էր Մանուշյանի խմբում, Նազարեթ Փեշդիքյանը եւ այլք:

Վերապրելով Ցեղասպանությունը, հայերը Ֆրանսիայում նոր անվտանգ կյանք էին փնտրում, սակայն նորից հայտնվեցին աղետի մեջ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը նրանց ստիպեց միանալ Դիմադրությանը: Ինչպե՞ս նրանք նորից ուժ գտան պայքարելու համար:

Ես շատ հայերի մասին եմ լսել եւ կարդացել, որոնք պատերազմի տարիները Փարիզում են անցկացրել: Նրանք տարբեր պատասխաններ են տվել այդ հարցին: Ոմանք միացել են Դիմադրությանը, ոմանք, խոնարհելով գլուխները, պարզապես փորձել են գոյատեւել:  Ես զարմացել էի, երբ իմացա, որ հայկական «Հառաջ»  թերթի խմբագիրը  որոշել է  այդ տարիներին դադարեցնել թերթի տպագարությունը` չհամաձայնելով հոդվածները ներկայացնել նացիստական գրաքննիչներին:

Որքան գիտեմ, Ձեր մյուս գիրքը պատմում էր Բեյրությում քաղաքացիական պատերազմի տարիներին բնակվող հայ ընտանիքի մասին: Դուք գրում եք տարբեր երկրներում ապրող հայերի մասին: Ի՞նչ ընդհանուր գծեր ունեն նրանք:

Իմ առաջին վեպը` «Զաբելը», ըստ էության տատիս` ներգաղթյալ հարսնացուի պատմությունն է: Երկրոդը` «Հացի եւ կրակի երազանքները», իմ սերնդակից մեկի մասին է, ով հաշտվել է Ցեղասպանության մասին  թաքցված պատմության հետ եւ իր ընտանիքի կյանքն է կառուցում: Երրորդը «Ողջ լույսը, որ այնտեղ կար»-ն է, իսկ չորրոդը կլինի հայերի մասին, ովքեր լքում են Բեյրութը քաղաքացիական պատերազմի տարիներին  եւ գալիս Նյու Յորք: Սա իմ, այսպես կոչված, «հայկական Սփյուռքի քառյակն է»:

Պատմեք մի քիչ Ձեր ընտանիքի մաիսն: Արմատներով որտեղի՞ց է Ձեր ընտանիքը: Հայկական ինչպիսի՞ ավանդույթներ եք Դուք պահպանում Ձեր ընտանիքում:

Հորական կողմից իմ պապն ու տատը ծագումով Կիլիկիայից են: Պապս Ադանայից Ուոթերթաուն է ներգաղթել 1911 թ-ին: Տատս ծագումով Մերսինից է: Նա վերապրել է գաղթը եւ սիրիական անապատում հայտնվել է արդեն որբացած:

Հայկական մշակույթի հետ իմ կապը պահպանվում է գրականության եւ արվեստի, ինչպես նաեւ ամերիկահայ մյուս գրողների եւ նկարիչների հետ բարեկամությամբ: Ես նաեւ հայկական ուտեստներ եմ պատրաստում: