Երեւանում կտեղադրվի ուկրաինացի մեծ բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը:

Դեռեւս 2002թ. սեպտեմբերի 12-ի Երեւանի քաղաքապետի որոշմամբ նախատեսված էր Օղակաձեւ զբոսայգու 6–րդ հատվածում տեղադրել ուկրաինացի մեծ բանաստեղծ Տարաս Շեւչենկոյի հուշարձանը։

Վերջերս Երեւանի քաղաքապետարան էր դիմել Հայաստանի ուկրաինացիների «Ուկրաինա» ֆեդերացիան, խնդրելով տրամադրել արձանի տեղադրման թույլտվություն։ Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն համաձայնեցվել է վերոհիշյալ նախագիծը, եւ առաջիկա օրերին նշված տարածքում կսկսվեն արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։

Հուշարձանը հեղինակել են քանդակագործ Վլադիմիր Պետրոսյանը եւ ճարտարապետ Սարգիս Սարդարյանը։