«Իրավունք» թերթը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր` Ռազմիկ Զոհրաբյանի հետ։

Ավագանու ընտրությունների որակի մասին հարցին ի պատասխան քաղաքական գործիչը նշել է. «Այնպես է ստացվել, որ այս անգամ ավագանու ընտրություններին մասնակցում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը, որոնք չէին մասնակցում նախագահականի ժամանակ, իսկ հիմա ակտիվացել են, եւ նույնիսկ կասեի, որ գերակտիվ են քարոզչական աշխատանքներում: Բնականաբար, ՀՀԿ-ն եւս ակտիվ քարոզչություն է իրականացնում, քանի որ քաղաքի պատասխանատվությունը մեզ վրա է: Ինչ խոսք, մի կողմից ուրախալի է, որ բոլոր քաղաքական ուժերը համախմբված ցանկանում են բարեկարգել Երեւանը, փոփոխել, կառուցել, լուսավորել, կանաչապատել, բայց մյուս կողմից սա մրցակցություն է, եւ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ եկեք ավագանու ընտրությունները չքաղաքականացնենք, որովհետեւ սա մայրաքաղաք է: Բայց կան քաղաքական ուժեր, օրինակ` ԲՀԿ-ն` հանձին Վարդան Օսկանյանի, անընդհատ բարձրաձայնում է, որ պետք է մենք սա քաղաքականացնենք, գանք վերցնենք քաղաքի իշխանությունը, որպեսզի հաջորդ նախագահական ընտրություններում ունենանք իշխանություն: Բայց կա մի պարզ ճշմարտություն, որ Ազգային ժողովի, ՏԻՄ, ինչպես նաեւ վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ազգաբնակչության մեծամասնությունը իր քվեն տվել է ՀՀԿ-ին: Իսկ իրենք անընդհատ ասում են, որ մենք կգանք ու ամեն ինչ կփոխենք այս քաղաքում, ապա հարց է ծագում` որտե՞ղ էին այդ ասողները, քաղաքական ուժերը, երբ նախագահի ընտրություններ էին երկու ամիս առաջ: Եթե մի քաղաքական ուժ թեկուզ մեկ ընտրություն բաց է թողնում երկրում, նա այլեւս քաղաքական ուժ չէ, այլ պահի տակ ապրող մի բան է, որ երբ արեւ է տեսնում, դուրս է գալիս տաքանալու, իսկ երբ ամպրոպ է, հասցնում է թաքնվել: Պայքարը պետք է լինի եւ արեւի, եւ անձրեւի, քամու, եւ ձյան ժամանակ: Այս իրավիճակն է տիրում այսօր քաղաքում, լավ է, որ կան սրտացավ ուժեր, բայց հաղթելու է մեկը, եւ հաղթելու է ՀՀԿ-ն, որովհետեւ մենք անընդհատ գտնվում ենք աշխատանքային պրոցեսում, որի հիման վրա հանրության մեծամասնությունը մեզ քվե է տալիս»,- մեջբերում է «Իրավունքը» (Հարցազրույցը՝ թերթի այսօրվա համարում)։