Ամբողջ աշխարհի փորձագետներն ու գիտնականները, ինչպես նաեւ հայ համայնքի հարյուրավոր անդամներ հավաքվել են  Լոս Անջելեսի Հարավային Քալիֆորնիայի համալսարանի Դեւիդսոնի անվան կոնֆերանս-սրահում՝ մեկօրյա կոնֆերանսի, որը կոչվում է «Անկախությունը եւ հետո. 1991-ից հետո նոր հայկական սփյուռքի որոնումներում»: Կոնֆերանսում քննարկել են հայրենիք-սփյուռք հարաբերություններին վերաբերող կարեւոր հարցեր:

Ինչպես գրում է «Ասպարեզը», կոնֆերանսը կազմակերպել էր ՀՅԴ տեղի Կենտրոնական կոմիտեն՝ Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հայկական հետազոտությունների ինստիտուտի, Հայ մշակութային հիմնադրամի եւ The Armenian Review-ի հետ համագործակցությամբ:

Տարբեր քննարկումների ընթացքում կոնֆերանսի մասնակիցները ուսումնասիրել են Հայաստանի անկախության եւ ազգային պետական շինարարության հետագա գործընթացների ազդեցությունը սփյուռքի կյանքի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական գաղափարախոսությունները եւ մշակութային հարցերը, լեզվական եւ գրական ստեղծագործությունները, կազմակերպություններն ու ինստիտուտները, տնտեսական ներդրումները, դրամական փոխանցումները, ինքնության հիբրիդային ձեւավորումը եւ այլն:

Չորս թեմատիկ քննարկումներում հանդես են եկել առաջատար գիտնականներ հայկական, սփյուռքյան եւ տրանսազգային հետազոտությունների ոլորտներում: