Վիլնյուսում նոյեմբերին կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը  չի հակասում Հայաստանի  ոչ մի այլ պարտավորության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Մինչեւ Վիլնյուսի գագաթնաժողովը Հայաստանը կհասցնի պատրաստել նախնական փաստաթուղթ` ԵՄ-ի հետ ասոցացման  համաձայնագրի նախաստորագրման համար. պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն նրա հիմնական գծերը նախանշված են»,-նշեց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով` համաձայնագրի քաղաքական եւ տնտեսական մասը գործնականում պատրաստ է, գլխավոր խնդիրը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախապատրաստումն է: «Ես սակայն վստահ եմ, որ Հայաստանը պատրաստ կլինի ԵՄ հետ համաձայնագրերի նախաստորագրմանը, քանի որ գոյություն ունեցող դինամիկան դրական է:  Հայաստանը ԱՀԿ անդամ է, իսկ ԵՄ հետ համագործակցությունը չի խանգարում ԱՀԿ-ին մեր անդամությանը»,-ընդգծեց քաղաքագետը` ավելացնելով, որ մյուս կազմակերպություններում, օրինակ, Մաքսային միությունում, Հայաստանը չկա:

Ստեփան Գրիգորյանի համոզմամբ`ԵՄ հետ ստորագրվելիք փաստաթղթերը  չեն հակասում ԱՀԿ շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: «Այլ խնդիր է, որ ԱՊՀ շրջանակում նույնպես  քննարկումներ են ընթանում ապագա Եվրասիական տնտեսական միության շուրջ, սակայն այստեղ ոչ մի հստակություն չկա: Մենք ոչ մի պարտավորություն չենք ստանձնել, համապատասխանաբար, երբ խաղի ինչ-ինչ  կանոններ ուրվագծվեն, այդ ժամանակ էլ կհամեմատենք»,-նշեց քաղաքագետը`  ավելացնելով, որ եթե այդ խաղի կանոնները խանգարեն մեր ԱՀԿ անդամությանը, այդ ժամանակ հնարավոր կլինի  խոսել հակասությունների մասին:

Ստեփան Գրիգորյանը նաեւ ընդգծեց, որ այն, որ ԵՏՄ-ն ոչ թե կոնկրետ ինստիտուտ է, այլ գաղափար, որը քննարկման կարիք ունի, այսօրվա դրությամբ հակասություններ չի կարող առջացնել: «Սակայն եթե խոսվի Հայաստանի` Մաքսային միությանը հնարավոր անդամություն մասին, այդ կազմակերպությունում խաղի կանոնները կարող են հակասել ԱՀԿ-ի մեր պարտավորություններին»,-հայտարարեց նա` ընդգծելով եւս մեկ կարեւոր ասպեկտ, որ Ռուսաստանը նույնպես ԱՀԿ անդամ է եւ դրա շրջանակում լուրջ պարտավորություն է ստանձնել: