Հայաստանի մշակույթի նախարարության, Երեւան քաղաքի պատմության թանգարանի, Անտարես մեդիա հոլդինգի եւ «Գասպարյան արտ ստուդիայի» համատեղ ջանքերով «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում՝ մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երեւան քաղաքի պատմության թանգարանում կանցկացնեն նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը եւ տարազների ցուցահանդեսը: Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի բոլոր պատմաազգագրական շրջանների, հայկական գախթօջախների 18-20-րդ դարերի հայ հասարակության տարբեր խավերի ազգային տարազները:

Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» պատկերագրքի շնորհանդես-ցուցահանդեսի նպատակն է հանրահռչակել ազգային տարազը, նորովի մեկնաբանել եւ վերլուծել հայ տարազարվեստի բազմազանությունն ու ինքնատիպությունը, խթանել հագուստի դիզայնի ոլորտում ազգային բրենդի ստեղծմանը, տարազի պատրաստման հետ կապված մոռացված տնայնագործական արհեստների ու տեխնիկաների վերականգնմանը:

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվեն նաեւ նկարչուհի Կարինե Պետրոսյանի պատրաստած ազգային տարազները:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2013 թ. մայիսի 28-ը: