Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:

Վարչապետը դիմում է ներկայացրել «Hetq.am»-ի հրապարակած «Ովքե՞ր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածի առնչությամբ: Չներկայացնելով դիմումի մանրամասները` Սոնա Տռուզյանը նշեց, որ դիմումին սահմանված կարգով ընթացք կտրվի:

Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վարչապետը դատախազին ուղարկել է մայիսի 29-ին hetq.am-ում հրապարակված հոդվածի լուսապատճեն` խնդրելով ուսումնասիրել եւ քննության առնել հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները, միաժամանակ հայտնելով, որ երբեւէ Կիպրոսում կամ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել եւ որեւէ մեկին երբեւէ իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորագիր չի տվել:

Նշենք, որ hetq.am-ը գրել էր, որ  Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը (տես ներքեւում): Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: