Հայաստանի ազգային պատկերասրահում, այսօր՝ հունիսի 4-ին, բացվել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որի խորագիրն է «Բարեւ Ձեզ» (ֆոտոռեպորտաժ):

ՀՀ Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված ցուցահանդեսում ներկայացվել են Հայաստանում, Թուրքիայում եւ աշխարհի այլ վայրերում արված ավելի քան 100 լուսանկարներ:

Առանձին են ներկայացված մի շարք հայտնի մարդկանց` Ուինսթոն Չերչիլի, Ինդիրա Գանդիի, Սալվասոր Դալիի, Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատրյանի, Դասթին Հոֆմանի, Սոֆի Լորենի, Բրիջիթ Բարդոյի եւ շատ ուրիշների լուսանկարները:

Ինքը` Արա Գյուլերը, նշել է, որ ուրախ է հայ հանդիսատեսին աշխարհի կողմերից մեկը ներկայացնելու հնարավորության համար:

Իր հերթին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ այսօր մեր կողքին է գտնվում մի լուսանկարիչ, որի արվեստը միշտ հիացրել է աշխարհին: «Նա աշխարհին է պատկանում: Մարդ, որը առաջին իսկ հնարավորության դեպքում որսացել է այն պահը, որը պետք է փոխանցել հաջորդ սերունդների», - ասել է նախարարը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:

Նշենք, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել լրագրողների, լուսանկարիչների եւ պարզապես Ա. Գյուլերի տաղանդի երկրպագուների շրջանակներում, ինչը բնական է, սակայն, ըստ երեւույթին, հենց այս հանգամանքն է զարմանք առաջացրել կազմակերպիչների մոտ: Կազմակերպիչները հոգ չէին տարել, որ հյուրերի եւ նախարարի ելույթների ժամանակ սրահում լռություն լինի: Բացի այդ` սրահը հազիվ էր տեղավորում անընդհատ ժամանող այցելուներին:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am