Այժմ Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայում ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Linux-ի հայկականացված տարբերակը՝ Նուռ Linux-ը, ոչ թե հայերեն ինտերֆեյս է ունենալու, այլ հարմարեցված է լինելու հայ օգտագործողների կարիքներին։

«Նուռ Linux-ը իր մեջ հայկական տարրեր կունենա, օրինակ՝ ավելացնելու ենք ոչ unicode հայերեն կոդավորման հնարավորությունը (armscii), որը ի սկզբանե Linux-ը չուներ»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այլ օպերացիոն համակարգերի պարագայում հայերեն գրելու համար նոր ծրագիր է անհրաժեշտ տեղադրել, իսկ Linux-ի հայկականացված տարբերակի պարագայում նմանատիպ հարցեր չեն առաջանա։

«Linux-ի հայկականացված տարբերակը հնարավորություն կտա հայերեն գրել, ոչ unicode էլեկտրոնային փաստաթղթերը դարձնել unicode եւ հակառակը՝ առանց հավելյալ ծրագրերի կիրառման»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բացի նշված հնարավորությունից օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կպարունակի նաեւ որոշ նոր ծրագրեր, մասնավորապես՝ խաղեր, նվագարկիչի հեռակառավարման ծրագիր եւ այլն։
Մարտիրոսյանի տեղեկացմամբ, այժմ կատարված է աշխատանքի շուրջ 80 տոկոսը, իսկ համակարգի հայկականացված տարբերակը ամբողջովին պատրաստ կլինի արդեն ամռանը։