Հայաստանի ոստիկանության կայքում զետեղված «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության համար» տուգանքներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը հետ է ուղարկվել: Ոստիկանությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից` հիմք ընդունելով  մի քանի տասնյակ մտավորականների դիմում-բողոքները:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, նկատի ունենալով օրինագծի` քննարկումների ընթացքում  ի հայտ եկած  թերություններն ու բացթողումները, ինչպես եւ նշելով, որ այդ խնդիրն այսօր ոստիկանության առաջնահերթություններից չէ, օրինագիծը հետ է ուղարկել:

Հիշեցնենք, որ այդ օրինագծով ոստիկանությունը առաջարկել է տուգանք սահմանել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչության համար»:

Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված է այդ օրենքի նախագիծը, որտեղ մասնավորապես, նշվում է.

«Ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ քարոզչությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ատիկից մինչեւ 100-ապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 250-ապատիկի չափով»:

Նույն հոդվածի երկրորդ կետով առաջարկվում է հետեւյալը.

«Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով,  պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 150-ապատիկից մինչեւ 200-ապատիկի չափով եւ իրավաբանական անձի պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի 250-ապատիկից մինչեւ 350-ապատիկի չափով»: