Կոնվերս բանկի եւ «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն կինոփառատոնի կազմակերպիչների համատեղ ջանքերով առաջիկայում կանցկացվի հայկական անիմացիայի 75-ամյակին նվիրված ֆիլմերի բացօթյա ցուցադրումներ, որոնք տեղի կունենան օգոստոսի 17-ից հոկտեմբերի 31–ը՝ յուրաքանչյուր շաբաթ երեկո, Երեւանի Սիրահարների այգու Ռոբերտ Պողոսյանի ամֆիթատրոնում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, այցելուները հնարավորություն կունենան վայելելու հայկական անիմացիայի վարպետների ճանաչված ու սիրված ֆիլմերը:

Այդ ընթացքում՝ հոկտեմբերի 26-ին կմեկնարկի նաեւ «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնը, որը կընթանա մինչեւ հոկտեմբերի 31-ը: Հայ անիմատորների հետ մեկտեղ փառատոնին հրավիրված են մասնակցելու արտերկրի անիմացիոն արվեստի առաջատար մասնագետները:

Հայկական անիմացիայի հոբելյանական ծրագրի շրջանակներում կանցկացվի նաեւ «Լավագույն անիմացիոն հոլովակ» թեմատիկ մրցույթ, որի նպատակն է խթանել հայ երիտասարդ անիմատորների գործունեությունը, ներգրավել նոր երիտասարդների եւ օգնել նրանց կատարելու իրենց առաջին քայլերը։ Մրցույթի հաղթողների համար Կոնվերս բանկը սահմանել է հատուկ մրցանակներ, որոնք հանդիսավորությամբ կհանձնվեն «ՌԵԱՆԻՄԱՆԻԱ» փառատոնի ավարտին:

Հիշեցնենք, որ 2013 թվականը Կոնվերս բանկի համար եւս հոբելյանական է: «Մշակութային երկխոսությունները» անց են կացվում բանկի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: