23-ամյա Զոհրաբ Գաբրիելյանն, ամուսնության նպատակով, ծեծելով առեւանգել է Արմինե Ղ.-ին: Արարատի եւ  Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 23-ամյա Զոհրաբ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով 2013թ հունիսի 5-ին ժամը 22-ի սահմաններում գաղտնի առեւանգել է Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակչուհի Արմինե Ղ.-ին:

Մասնավորապես` համոզվելով, որ Արմինե Ղ.-ին պատկանող տան մոտ կայանված է իր կողմից նախօրոք կանչված Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Ռաֆիկ Պողոսյանի վարած   տաքսի ավտոմեքենան, նշված տան բակում բռնություն գործադրելու միջոցով, այն է` Արմինե Ղ.-ին հարվածներ հասցնելուց եւ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող զույգ բազուկների եւ ձախ ազդրի շրջաններին արյունազեղումների ձեւով մարմնական վնասվածքներ պատճառելուց հետո, գրկել եւ նստեցրել է Ռ. Պողոսյանի վարած վերը նշված ավտոմեքենան եւ վերջինիս օժանդակությամբ Արմինե Ղ.-ի կամքին հակառակ տեղափոխել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղ:

Քրեական գործ է հարուցվել 131    հոդվածի 1-ին մասով` մարդ առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 4-8  տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Սեպտեմբերի 12-ին նշանակվել է դատական առաջին քննությունը: