«ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսում ներկայացվում է հեղափոխական կրթական տեխնոլոգիա: «Նաիրի»  կոնսորցիումը այսօր` հոկտեմբերի 5-ին ներկայացնում է «Նարիր» լաբորատոր-կրթական համակարգերը, որոնք հեղափոխություն են 6-10-րդ դասարանների աշակերտների համակարգչային ուսուցման, աշխատանքի ուսուցման, ինֆորմատիկայի ուսուցման, ռոբոտաշինության բնագավառում:

Ներդնելով նման լաբեր կրթական հաստատություններում` աշակերտները, ուսանողները հնարավորություն են ունենում մատչելի եւ արագ սովորել ծրագրավորման հիմունքներ, ռոբոտների ծրագրավորում, միկրոէլեկտրոնիկա, եւ ի վերջո սովորում են ստեղծել սեփական ռոբոտներ եւ միկրոէլեկտրոնային սարքեր:

«Նաիրի» լաբերն իրենց մեջ ներառում են «Արաքս» հայկական օպերացիոն համակարգը, «Այգեստան» եւ «Բերձոր» համակարգիչները, եռաչափ տպիչներ, ֆրեզերային կտրիչներ, «Աղուէս» ծրագիրը: Վերջինս ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից մշակված Scratch ծրագրի մոդիֆիկացված եւ հայաֆիկացված տարբերակն է։ Այն նպաստում է աշակերտների ալգորիթմական եւ լայնածավալ մտածելակերպի զարգացմանը, հետագայում ծրագրավորման գործընթացի հեշտ յուրացմանը։ Աշակերտները սովորում են գույնի եւ սահմանների ծրագրավորում, ռոբոտի շարժման հետագծի վերահսկում եւ փոփոխականների ու ցուցակների կիրառում։

Ներկայումս «Նաիրի»  կոնսորցիումը Հայաստանյան բուհերի հետ ձեռք է բերել կրթական բարեփոխումների մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես «Նաիրի» լաբերի ստեղծումը։ Այդպիսի լաբեր նախատեսվում են տեխնիկական բուհերի համար:

Կոնսորցիումի հիմնադիրներն են` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, «Այբ» կրթական հիմնադրամը, «Արթին Վարուժան» ՓԲԸ, «Սայմոտեկ» ՍՊԸ, «Արաքս» օպերացիոն համակարգի աշխատանքային թիմը, «Փուլ» ՍՊԸ, «Մասիս ԻՀ» ՍՊԸ, «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» Հիմնադրամը:

«ԴիջիԹեք էքսպո 2013» ցուցահանդեսը կտեևի 3 օր` հոկտեմբերի 4-6-ը, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: