Հայ մեծ աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակի պատվին նախատեսված համերգն իր նշանակությամբ աննախադեպ է, NEWS.am-ի թղթակցին ասել է մշակութային երեկոյի կազմակերպիչ եւ գլխավոր պրոդյուսեր Վալերի Սահարյանը:

Համերգը երկու մասով է լինելու: Առաջին մասում ելույթ կունենա աշուղական երգի անսամբլը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կհնչեն Սայաթ-Նովայի եւ այլ ստեղծագործություններ: Երկրորդ մասում հանդես կգան հայտնի կատարողներ, որոնք կկատարեն ժամանակակից ժանրի երգեր եւ Սայաթ Նովայի ստեղծագործությունները:

Համերգի կազմակերպման առանձնահատկություններից է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ հաշմանդամ երեխաներին հրավիրելը:

Տոմսերի արժեքը սկսվում է 500 ռուբլուց, միջինը՝ 2-2,5 հազար ռուբլի: Համերգը կտեւի 4 ժամ (անտրակտը ներառյալ): Այն կցուցադրվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ եւ արբանյակային հեռարձակմամբ՝ 136 երկրներում:

Համերգը կկայանա հոկտեմբերի 20-ին, Կրեմլի պալատի գլխավոր բեմում: Այն կազմակերպել է «Արմենիա Փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնը: Ելույթ կունենան հայ աստղեր. Ալլա Լեւոնյան, Անդրե, Արման Հովհաննիսյան, Գեւորգ Դաբաղյան, Գուրգեն Դաբաղյան, Ինգա եւ Անուշ Արշակյաններ, Ներսիկ Իսպիրյան, Սիրուշո, Սամվել Երվինյան եւ ուրիշներ: Երեկոն կվարեն Նազենի Հովհաննիսյանն ու Սամվել Գրիգորյանը:

Հայ մեծ աշուղ եւ բանաստեղծ Սայաթ-Նովան՝ Հարություն Սայադյանը, ծնվել է 1712թ. Թիֆլիսում: Ստեղծագործությունները գրել է հայերեն, վրացերեն եւ թուրքերեն: Ժողովրդական տարբեր գործիքներ է նվագել: Նրա ստեղծագործության հիմնական թեման սիրային քնարերգություն է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված մշակութային տարի է հայտարարել: