Միասնական Մաքսային Միությունում Հայաստանի համար շահավետ կլինի Ռուսաստանից դիզվառելիք ներմուծել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում նավթ ներմուծող երկու խոշոր կազմակերպություններից մեկն հանդիսացող «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: «Վառելիք ներմուծելը Հայաստանի համար նվազագույնը շահավետ կդառնա, այն մեզ մոտ հիմնականում ռուսական է: Նշանակում է, որ կվերանան մաքսային դրույքները»,- հայտարարել է Բ. Բեգլարյանը:

Ինչ վերաբերում է բենզինին, ապա ի տարբերություն դիզելի, Հայաստանն այն ներմուծում է ոչ թե Ռուսաստանից, այլ ԵՄ անդամ երկրներից, մասնավորապես Ռումինիայից ու Բուլղարիայից, մասմամբ Հունաստանից, քիչ ավելի պակաս Իտալիայից ու Իսրայելից: «Մենք դեռ չենք հետաքրքրվել ռուսական բենզինով ու չգիտենք, կհամեմատենք արդյոք դրա որակը եվրոպականի հետ: Սակայն եթե գինն ու որակը համապատասխանեն, մենք պատրաստ ենք ուշադրություն դարձնել: Ընդհանուր առմամբ ներկրման արժեքը ՄՄ անդամակցումը կնվազեցնի, ու դա նպաստավոր է Հայաստանի համար»,- հայտարարել է Բ. Բեգլարյանը:

Նշենք, որ 2012թ.-ին Հայաստանը ներկրել է մոտ 148.6 հազար տոննա դիզվառելիք՝ 135.9 մլն դոլար արժողությամբ: