«HOV 555» վրացական համարանիշով սպիտակ մեքենան, որը հոկտեմբերի 9-ից սկսած ամեն օր հետեւում էր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության բողոքի երթերին, վերջին օրերին չի հետեւում ակտիվիստներին, պարզապես կանգնում է Մաշտոցի պուրակում։

Հոկտեմբերի 23-ին Մաշտոցի պուրակ չէին եկել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կարմիր գլխարկներով պաշտպանները։ Ակտիվիստները երթն սկսել են պուրակից, ճանապարհին «Երեւան սիթին» բոյկոտելու կոչերով թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին, քայլել են դեպի Տիգրան Մեծ պողոտայի «Երեւան սիթի», որտեղ բարձրախոսով հնչեցրել են իրենց կոչերն ու թռուցիկներ բաժանել։ Այստեղ արդեն մի քանի կարմիր գլխարկավորներ են հայտնվել՝ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ։

Երթն ընթացել է առանց միջադեպերի եւ ավարտվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի մոտ։