Պետբյուջեից առողջապահության ոլորտի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդգրկուն ծրագրեր իրագործել: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Ըստ նրա՝ ընդգրկուն ծրագրերն ուղղված կլինեն սիրտ-անոթային հիվանդությունների, դիաբետի եւ արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշմանը. «Դա աննախադեպ ծրագիր կլինի, որում ներգրավված կլինի Հայաստանի բնակչության 50%-ը»: Նախարարը նշել է, որ մինչեւ տարեվերջ Կառավարության քննարկմանը կներկայացվի պարտադիր բժշկական ապահովագրմանն անցում կատարելու նախագիծը, որը կներդրվի 2015թ.:

ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչու են պետծառայողների սոցփաթեթների ծրագիրը իրականացնում մասնավոր ընկերությունները:  Նա նաեւ նշել է, որ բյուջեից ամենամյա 8 մլրդ դրամ է հատկացվում  սոցփաթեթների համար, սակայն նախորդ տարի այդ գումարից միայն 800 մլն է հիվանդանոցներին փոխանցվել, մնացած  7,2 մլն դոլարը ծառայել է ապահովագրական ընկերությունների ռիսկերի սպասարկմանը:

Ի պատասխան նախարարը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ հիվանդանոցներին հատկացվող գումարը եռակի ավելացել է. «Մենք չենք վերահսկում միջոցները, սակայն  կվերանայվի այն բուժհաստատությունների հետ համագործակցությունը,  որոնք խախտել են պայմանները»:

Նա նաեւ հավելել է, որ պետական աշխատողները շատ պասիվ են եւ լիարժեք չեն օգտվում բժշկական ապահովագրությունից: