Հայաստանի  Գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանում տեղի է ունեցել ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին նվիրված հայ-վրացական (Բյուրական-Աբասթումանի) համատեղ կոլոկվիումը` անկայուն երկնային օբյեկտների վերաբերյալ:

Հայ-վրացական համատեղ գիտական հանդիպումների ավանդույթը ձևավորվել էր դեռ 1970-ականներին, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ: Թե Վիկտոր Համբարձումյանը և թե Լյուդվիկ Միրզոյանը մեծ ավանդ ունեն Վրաստանում աստղագիտության զարգացման գործում, նրանց երկուսի ջանքերով իրականացվել են բազմաթիվ հայ- վրացական համատեղ գիտական ծրագրեր, ինչպես նաև նրանք կրթել են  վրացի աստղաֆիզիկոսների մի քանի սերունդների, ղեկավարելով նրանց գիտական աշխատանքները: Այս կոլոկվիումը թվով 14-րդն էր:

Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա մայիսին Հայաստանի ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի է ունեցել Նունե Միրզոյանի «Կյանք նվիրված Բյուրականին» գրքի շնորհանդեսը, որը նվիրված է հեղինակի հոր` հայտնի աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆրանսիայի միջազգային աստղագնացության ակադեմիայի առաջին հայ անդամ, պրոֆեսոր, ԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ Լյուդվիկ Միրզոյանի 90-ամյակին:

 Լյուդվիկ Միրզոյանը Բյուրականի եւ Բյուրականյան ուղղությունը հիմնադրած, հայ աստղագետների առաջին սերնդի լավագույն ներկայացուցիչներից է: Նա 30 տարի եղել է Բյուրականի աստղադիտարանում Վիկտոր Համբարձումյանի տեղակալը եւ վիթխարի ավանդ է ներդրել աստղառաջացման վերաբերյալ ժամանակակից պատկերացումների ձեւավորման գործում` դառնալով այդ ասպարեզում հայկական դիտողական աստղաֆիզիկայի առաջատարը:      

Գրքում ներկայացված է Լյուդվիկ Միրզոյանի կյանքն ու գիտական գործունեությունը, որն անմիջականորեն կապված է եղել Բյուրականի աստղադիտարանի ստեղծման եւ կայացման հետ: Գրքում զետեղված են նաեւ Միրզոյանի ժամանակակիցների, աշակերտների եւ գործընկերների հիշողությունները:

Հայ ականավոր աստղաֆիզիկոս, ԳԱԱ ակադեմիկոս, Ֆրանսիայի միջազգային աստղագնացության ակադեմիայի առաջին հայ անդամ, պրոֆեսոր Լյուդվիկ Միրզոյանը Բյուրականի աստղադիտարանը եւ բյուրականյան ուղղությունը հիմնադրած, հայ աստղագետների առաջին փայլուն սերնդի լավագույն ներկայացուցիչներից է, իսկ նրա ավանդը հայրենական եւ համաշխարհային աստղագիտության մեջ անուրանալի է:

Ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի անունն անբաժանելի է թե՛ Բյուրականի աստղադիտարանի ու աստղաֆիզիկայի զարգացման, թե՛ Հայաստանի ողջ գիտության պատմությունից:  

Ակադեմիկոս Միրզոյանի կենսագրության մեջ արտացոլվել է իր ապրած հակասական ժամանակը, որտեղ վեհի կողքին նաեւ ողբերգականն էր:

Լյուդվիկ Միրզոյանը ծնվել է 1923 թվականին, Երեւանում: Մանկությունից դրսեւորելով մեծ հետաքրքրություն ուսման նկատմամբ, գերազանցությամբ ավարտում է դպրոցը եւ ընդունվում Երեւանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը թույլ չի տալիս ուսումը շարունակելու եւ նա ստիպված թողնում է համալսարանը եւ որպես «ժողովրդի թշնամու» որդի ծառայում է թիկունքում:

Երջանիկ մանկությունն ընդհատվում է 1930-ին, երբ ներքգործժողկոմատը ձերբակալում է, դատապարտում ու գնդակահարում հորը, Մակու քաղաքից գաղթած Վասիլի Միրզոյանին: Տարիներ անց Իրանի օգտին լրտեսության անհեթեթ մեղադրանքը համարվելու է անհիմն եւ հայրը հետմահու արդարացվելու է: Իսկ մինչ այդ «ժողովրդի թշնամու» զավակ Լյուդվիկը պիտի անցներ դժոխքի ուղիներով: Հորը կալանավորելու իսկ օրը գերազանցիկ աշակերտին ազատում են դասարանի ավագի պարտականություններից:

15 տարեկան պատանին մնում է ընտանիքի միակ տղամարդը, որը պիտի հոգար մոր ու երկու քույրերի ապրուստը: Սակայն ուսման ծարավն այնքան մեծ էր, որ Միրզոյանն ավարտելով դպրոցը, միաժամանակ բանվորություն անելով ընդունվում է ԵՊՀ ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Չվստահելով (համարելով «ժողովրդի թշնամու» որդի), նրան անգամ չեն թողնում ռազմաճակատ մեկնել, եւ նա գնում է աշխատանքային գումարտակ, հունգարացի ու գերմանացի ռազմագերիների հետ մասնակցում «Հաղթանակ» կամրջի շինարարությանը, հիշում է քույրը՝ Նինա Ղարիբջանյան-Միրզոյանը:

Պատերազմից հետո էքստեռն կարգով հանձնելով քննությունները բաց թողած տարիների համար, 1947-ին գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ-ն, նույն թվականին արժանանում է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ուշադրությանը, ով այդ ժամանակ շնորհալի երիտասարդների էր փնտրում նորաստեղծ Բյուրականի աստղադիտարանում աշխատելու համար եւ առաջարկում էր իրեն ուսումը շարունակել ասպիրանտուրայում, միաժամանակ մասնակցելով Բյուրականի աստղադիտարանի ստեղծման գործին: 1951-ին Վիկտոր Համբարձումյանի եւ Խորհրդային Միության ԳԱ թղթակից անդամ Օլեգ Մելնիկովի (Լենինգրադ) համատեղ ղեկավարությամբ Լյուդվիկ Միրզոյանը պաշտպանում է թեզը եւ ստանում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1953-ին Լ. Միրզոյանը նշանակվում է Բյուրականի աստղադիտարանի գիտական քարտուղար, իսկ 1959-ին՝ տնօրենի տեղակալ, եւ մոտ 30 տարի (1959-86թթ) բեղմնավոր աշխատում այդ պաշտոնում, միաժամանակ իր ուսերի վրա կրելով թե գիտական աշխատանքի կազմակերպման, եւ թե վարչական աշխատանքի դժվարությունները: 1965-ից Միրզոյանը ղեկավարում է Բյուրականի աստղադիտարանի աստղերի եւ միգամածությունների ֆիզիկայի բաժինը, որը զբաղվում է երիտասարդ անկայուն աստղերի եւ աստղային օբյեկտների ուսումնասիրությամբ:

Այդ այն բուռն ծաղկման ժամանակաշրջանն էր, երբ Բյուրականի աստղադիտարանը հասավ լուրջ գիտական նվաճումների եւ կարճ ժամանակում դուրս եկավ աշխարհի առաջատար աստղադիտարանների շարքը՝ դառնալով աշխարհի հայտնի գիտական կենտրոններից մեկը, որի համար արժանացավ կառավարական բարձր պարգեւի՝Լենինի շքանշանի: Բյուրականի աստղադիտարանն իրավամբ դարձավ հայկական գիտության խորհրդանիշը եւ Հայաստանի այցեքարտը:

Լյուդվիկ Միրզոյանը եղել է Վիկտոր Համբարձումյանի առաջին աշակերտներից մեկը , հետագայում դառնալով հայ աստղաֆիզիկոսների հաջորդ բոլոր սերունդների ուսուցիչը, համարյա կես դար դասավանդելով ԵՊՀ-ում: Նրա ասպիրանտները բազմաթիվ արտասահմանյան երկրներից, այսօր էլ հաջողությամբ աշխատում են աշխարհի տարբեր աստղադիտարաններում եւ գիտական կենտրոններում եւ երախտագիտությամբ հիշում իրենց սիրելի ուսուցչին:

Իր հետեւողական եւ հիմնարար գիտական գործունեության նպատակն էր զարգացնել ու ապացուցել Վիկտոր Համբարձումյանի  կողմից առաջ քաշված  Բյուրականյան դպրոցի հեղափոխական գաղափարները: Ակադեմիկոս Միրզոյանի գիտական հետազոտությունները կապված էին աստղառաջացման օճախների եւ երիտասարդ աստղերի ուսումնասիրությունների հետ: Նա վիթխարի ավանդ ներդրեց աստղառաջացման վերաբերյալ ժամանակակից պատկերացումների ձեւավորման գործում, դառնալով այդ ասպարեզում հայկական դիտողական ասղաֆիզիկայի առաջատարը:

Ակադեմիկոս Լ. Միրզոյանը մի շարք գիտական մենագրությունների, 200-ից ավելի գիտական հոդվածների եւ բազմաթիվ գիտահանրամատչելի հոդվածների ու գրքերի հեղինակ է:

Լ. Միրզոյանը 1965-ին ստանձնել է հենց այդ տարի հիմնադրված «Աստղաֆիզիկա» հանդեսի փոխխմբագրի պաշտոնը (խմբագիրը եղել է Վիկտոր Համբարձումյանը), իսկ 1988-ից եղել է հանդեսի խմբագիրը: Միրզոյանը 1968-ին Լենինգրադում հաջողությամբ պաշտպանում է իր դոկտորական թեզը՝ նվիրված երիտասարդ աստղերի ֆիզիկային եւ կինեմատիկային: 1986-ին նա դառնում է ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 1996-ին ընտրվում Գիտությունների ակադեիմիայի ակադեմիկոս: Նա եղել է Հայկական սովետական հանրագիտարանի գիտահրատարակչական խորհրդի անդամ, աստղագիտական բնույթի հոդվածների մեծ մասի հեղինակը:

Լ. Միրզոյանի պաշտոնավարման ընթացքում Բյուրականի աստղադիտարանը համագործակցել է աշխարհի բազմաթիվ առաջատար աստղադիտարանների եւ գիտական կենտրոնների հետ, իրականացվում էին մեծ թվով փոխայցելություններ եւ երկարաժամկետ գործուղումներ, ինչը մեծապես նպաստում էր Հայաստանի գիտության եւ հայ գիտնականների վարկանիշի բարձրացմանը:

Նա պարգեւատրվել է մի շարք մեդալներով ու շքանշաններով, այդ թվում Բուլղարիայի գիտությունների ակադեիմիայի կողմից՝ Բուլղարիայի ասղտադիտարանի համար բարձրորակ մասնագետների սերունդ կրթելու համար: 1974-ին արժանացել է ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը:

Զավակները՝ Նունեն, Անահիտը եւ Արան, հիշում են իրենց շատ բարի ու հոգատար, բայց եւ խիստ ծնողի մասին: Սիրել է դասական երաժշտություն, հետաքրքրվել է լեզվաբանության խնդիրներով, որպես Հայաստանի տերմինաբանական կոմիտեի անդամ, հայերենի է վերածել աստղաֆիզիկային, ֆիզիկային եւ մաթեմատիկային վերաբերող բազմաթիվ հասկացություններ:

Երբ Լ. Միրզոյանն ընտրվել է Ֆրանսիայի աստղագնացության ակադեմիայի անդամ (ընդ որում առաջին հայը) եւ Փարիզի ասղաֆիզիկայի ինստիտուտի խորհրդական, երեք ամսում սովորել է ֆրանսերեն:

14 տարի է անցել անվանի գիտնականի ու արժանավոր քաղաքացու մահվան օրվանից: Թվում է, որ ժամանակն է ակադեմիկոս Լյուդվիկ Միրզոյանի անվամբ անվանակոչելու մեկական փողոց Երեւանում եւ Բյուրականում:

Արդարացի կլինի, որ հայրենասեր մտավորականի անունը նաեւ ֆիզիկապես ներկա լինի երկու այդ բնակավայրերում, ուր նրա ոգեղեն ներկայությունը չի մարում մինչեւ օրս: