Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», փաստաբանն այսօր կայցելի նրան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանական դպրոցի տնօրեն, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Նա այժմ ուղեւորվել է Կոտայքի մարզի դատախազի մոտ, որպեսզի տեսնի, թե ինչ է եղել ձերբակալման որոշումը փոխելու իր բողոքի պատասխանի հետ, որը թեեւ պատրաստ էր օրեր առաջ, բայց նրան դեռ չեն փոխանցել: Դրանից բացի՝ Նիկոլայ Բաղդասարյանն այսօր դատախազին քննիչին բացարկ հայտնելու դիմում է ներկայացնելու: Այսօր Վերաքննիչ դատարան  կհանձնեն նաեւ Վարդան Պետրոսյանին կալանավորելու որոշումը փոխելու բողոքը: Փաստաբանը դիմումներ է գրել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, մի շարք եվրոպական կառույցներին, ինչպես նաեւ Ֆրանսիայի դեսպանատուն:  Նա նշեց, որ կալանավորման որոշումը պայմանավորել են այն հանգամանքով, թե Վարդան Պետրոսյանը չի տվել իր ֆրանսիական անձնագիրը, մինչդեռ այդ անձնագիրը Ֆրանսիայի պետության սեփականությունն է, ինչպես ՀՀ անձնագիրը՝ ՀՀ-ինը, եւ  դա անօրինական պահանջ է:

Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ ստանալու վթարի մասին եզրակացություն, այժմ մասնագետները աշխատում են, եւ եթե եղանակային պայմանները թույլ տան, շուտով հանրությանը կներկայացնեն վթարի մասին ողջ իրականությունը՝ 3D մոդելավորված տարբերակի միջոցով:

Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի կողմից արված փորձագիտական եզրակացությանը, փաստաբանն ասաց, որ փորձագետները որոշակի քաջություն դրսեւորել են որոշ հարցերի վերաբերյալ եւ օբյեկտիվ կետեր ներկայացրել են: Փորձաքննության հետազոտական մասում օբյեկտիվ պատկեր կա, բայց հետեւողական մասը իրարամերժ է, ինչը պարզ է նույնիսկ ոչ մասնագետի համար:

Նիկոլայ Բաղդասարյանը տեղյակ է, որ ՀՅԴ խմբակցությունը պատրաստվում է միջնորդությամբ հանդես գալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նա վստահ է, որ այս ամենը իր արդյունքը կտա: Փաստաբանը հույսեր է կապում Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ՝ նշելով, որ իր կարծիքով, եթե նրան օբյեկտիվ զեկուցեն վթարի մասին, ապա Վարդան Պետրոսյանի կալանքի որոշումը կփոխվի մինչեւ վերաքննիչ բողոքի լսումը:

«Այս գործին ամենամեծ վնասը տվել են քննչական մարմինները: Ես 99 տոկոսով գիտեմ՝ ոնց է դեպքը եղել եւ կարող եմ դա ապացուցել, այդ մասին գիտի նաեւ Վարդանը եւ տուժող մյուս ընտանիքը: Շատ ցավալի է որ երկու երեխա մահացել են: Առայժմ կարող եմ նշել, որ գործով հիմնավորվել է, որ Վարդան Պետրոսյանը ոչ արագ է վարել, ոչ ալկոհոլ է օգտագործած եղել, ոչ էլ քնել է ղեկին: Բայց նախաքննական մարմինը ապօրինի ձերբակալել է Վարդանին՝ չունենալով որոշակի հանգամանքներ, նախաքննական մարմինը չի հասկացել՝ ինչ հետագա քայլեր կարող են լինել այս գործով, հետո, երբ ի հայտ է եկել այս ամբողջը, փորձել են ինչ-որ մի ձեւ արդարացնել ձերբակալումը: Սկզբից ձերբակալել են, հետո նոր են ապացույցներ են ձեռք բերել, բայց երբ տեսել են, որ այդ ապացույցները այլ բան են ցույց տալիս, հրաժարվել են դրանք մեզ տրամադրել: Առայժմ փակագծեր չեմ կարող բացել, բայց 5-10 օրվա ընթացքում կիմանաք ամբողջ ճշմարտությունը եւ կզարմանաք, պրիմիտիվ դեպք է եղել: Շատ մարդիկ կզղջան իրենց հայտնած կարծիքի վերաբերյալ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի ժամ տեւած քննարկումներից հետո որոշել էր կալանավորել Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված դերասան Վարդան Պետրոսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Վարդան Պետրոսյանին նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: