Սամվել Հարությունյանի առաջարկած ռեֆորմն արդյունավետ կլինի, եթե այն դիտարկվի ընդհանուր կրթական ռեֆորմների ենթատեքստում, որը կվերաբերի ինչպես դպրոցներին, այնպես էլ նախադպրոցական հաստատություններին: Սա վերաբերում է դպրոցին առհասարակ՝ տարրական կրթության, հիմնական ու ավագ դպրոցներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:

«Ես հարգում եմ ցանկացած կարծիք, յուրաքանչյուրն իրավունք ունի հայտնել իր տեսակետը, հատկապես դա վերաբերում է գիտպետկոմի նախագահին, ում ես հարգում եմ: Ընդհանուր առմամբ ես համաձայն եմ Սամվել Հարությունյանի հետ»,- նշել է ռեկտորը:

«Մենք հիմա շատ հաճախ ենք քննարկում բարձրագույն կրթության բարեփոխման վերաբերյալ հարցեր: Որքան շատ  տեսակետ լինի, այնքան ձեռնտու է մեզ համար: Երբ կա կարծիքների նման բազմազանություն, առավել եւս վիճահարույց,  կարող է ծնվել ամենառացիոնալ որոշումը: Կարծում եմ, բարձրագույն կրթության բարեփոխումները կրթական համակարգում բարեփոխումների մի մասն են կազմում», - ասել է նա:

Միրզախանյանի խոսքով՝ այն հարցը, որ մեր կրթական համակարգը կաղում է, կարելի է դիտել երկու տեսանկյունից. կարելի է պնդել, որ մեզ մոտ ամեն բան վատ է ու ամենուրեք թերություններ կան: «Սակայն, այնուամենայնիվ, անկախության հռչակումից հետո հազվագյուտ ինստիտուտների շարքում շարունակում է գոյություն ունենալ մեր դպրոցը (լայն իմաստով): Բարձրագուն կրթությունը պահպանվել է այնպես, ինչպես որ 40 տարի առաջ էր, սակայն բովանդակությունն է փոքր-ինչ այլ: Սխալ է ստեղծված իրավիճակում մեղավորներ փնտրելը: Անկախությունն իր հետ հասարակական գործունեության բոլոր բնագավառներում ազատություն բերեց, այդ թվում կրթության, որն էլ հանգեցրեց փորձարկումների՝ տեղական բարեփոխիչների կողմից ստեղծված դպրոցների, հետո եվրոպական կրքեր, որոնք առայժ շարունակվում են:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ու Ավստրալիայի կրթահամակարգին նման համակարգի ստեղծմանը, ապա այդ միտքն ինձ դուր է գալիս: Սակայն Հայաստանի համար բարդ կլինի, քանի որ շատ հարցերում պետք է նման լինել Ավստրալիային՝ կենսամակարդակ, աշխատավրձ, թոշակներ եւ այլն»,- նշել է նա:

Մանկավարժական համալսարանի ռեկտորը նշել է, որ «ֆակուլտետների բացմանը, փակմանը, միավորմանը պետք է ծայրահեղ զգույշ մոտենալ»: «Ամեն ռեֆորմ առաջին հերթին բովանդակություն է, ոչ թե համակարգային փոփոխություն»,- հավելել է նա:

Ռեկտորը նշել է, որ զարգացած երկրներում հսկայական ֆինանսական աջակցություն ու պետական բյուջեից հատկացումներ կան, ինչը մեզ մոտ չկա. «Սակայն ես հասկանում եմ. գումար խնդրել կամ պահանջել պետք է նրանից, ով ունի այն»:  «Օտարերկրացի ուսանողների համար հայկական բուհերը հետաքրքիր առաջարկներ պետք է ունենան: Լավ օրինակ է Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանը, որտեղ ուսանողների 25 տոկոսն օտարերկրացիներ են»,- շարունակել է նա:

Այն հարցին, թե ինչ կլինի, «եթե Հայաստանը վերջ տա նմանվելուն այլ պետություններին ու ինքնուրույն քայլեր անի, ապա ավելի լավ կլինի, եւ դա կանդրադառնա կրթության ոլորտին», նա նշել է. «Ինձ դուր եկավ «նմանվել» բառը: Մենք երբեք չպետք է սովորելն ու առաջադիմական փորձի կիրառումը շփոթենք նմանվելու հետ»:

Խոսելով դասախոսական կազմի երիտասարդականացման մասին՝ ռեկտորը նշեց, որ ԵՊՄՀ-ում ավելի քան երկու անգամ չեն ընտրվում նույն պաշտոնում: «Մեկ մոտեցումն այս խնդրին՝ որպես դոգմա, այնքան էլ ճիշտ չէ», - ասաց Միրզախանյանը եւ շարունակեց, որ հին փորձը մեզ չի սովորեցրել՝ ամեն նորը դեռ լավն ու բարին չէ: «Հավերժական փորձեր կրթության ոլորտում. անընդհատ կրճատում են, ապա միացնում, կրկին բաժանում, բացում եւ փակում են ... Սա շատ ռիսկային է: Նախապես պետք է ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել», - հստակեցրել է նա:

Ինչ վերաբերում է Ս. Հարությունյանի առաջարկին, որ ոչ բոլոր բուհերը պետք է մագիստրատուրա ունենան, ըստ Միրզախանյանի՝ այս հարցը պետք է որոշվի յուրաքանչյուր բուհի կողմից: «Անձամբ ես կողմ եմ, որ մեր ուսանողն ընտրության իրավունք ունենա՝ սովորել 5 տարի, դիմել մագիստրատուրա կամ բակալավրիատով ավարտել  իր ուսուցումը. ամեն դեպքում, պետք է լինի լայն հնարավորություն: Շատ ուսանողներ չեն կարող 5-6 տարվա ուսման վարձ վճարել, այնպես որ 4 - ամյա  ուսուցումը նրանց համար գտած է: Այսօր շատերը կարող են առանց դիպլոմի աշխատանք ստանալ, եւ նույնիսկ դառնալ «կոոպերատիվ» ակադեմիայի ակադեմիկոս: Սա է մեր ժամանակների հմայքը: Եթե մարդն ունի տաղանդ, եւ ցանկություն ունի  գիտությամբ զբաղվել, բայց ուսումն ավարոտում է բակալավրիատով, ապա նա կկարողանա հետագայում մեծ գիտնական դառնալ, ու ոչինչ չի խանագարի նրան», - ասել է նա:

Ռուբեն Միրզախանյանը նշել է նաեւ երկրում գործազրկության խնդիրը, որն ուղեկցվում է մասնագիտական կադրերի պակասով. «Մեր երկրում առկա է գործազրկություն: Օրինակ, ԵՊՄՀ-ն լավ մասնագետներ է որոնում: Սա մշտական որոնումներ են ու մենք անհրաժեշտ քանակությամբ անգլերենի դասավանդողներ չենք գտնում: Մեզ համար կարեւոր է, որ մասնագետը անգլերեն իմանա: Նշվում է C1 (TOEFL) վկայականի առկայության պահանջը: Շատ քիչ թվով մարդիկ են արձագանքել: Հայաստանում նույնն  է ռուսերենի դեպքում՝ ռուսերենը մոռացել են, անգլերեն դեռ չեն սովորել: Մեր երկիրը փոքր է՝ բոլորը միմյանց ճանաչում են: Կգտնվի մեկը, ով կմիջնորդի ու աշխատանքի կտեղավորի»:

Եզրափակելով՝ Ռուբեն Միրզախանյանը նշել է, որ պարոն Հարությունյանի մոտեցումների հետ ընդհանուր առմամբ համաձայն է: «Հայաստանում պետք է պետական բուհերի անհրաժեշտ քանակ լինի, ինչը պետք է պայմանավորվի ուսանողների թվով: Պետք է սովորեն նրանք, ովքեր ցանկանում են, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում, բայց ուզում են հաճախել, թող վճարեն: Սակայն դիպլոմ ոչ բոլորը պետք է ստանան»:

Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույթում Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը ներակայացրել է բուհերի բարեփոխումների իր տեսլականը, որը ներառում է բավական արմատական միջոցառումներ՝ բուհերի, ֆակուլտետների թվի կրճատում, ուսանողների ընտրության կարգի խստացում, դասախոսական անձնակազմի երիտասարդականացում: Ս. Հարությունյանն առաջարկում է   նաեւ կետ ներառել, որպեսզի գիտությունը ֆինանսավորվի ոչ միայն պետական բյուջեից, այլ բուհերը դրա համար հատկացումներ անեն իրենց միջոցներից, եւ որ մագիստրատուրա ու ասպիրանտուրա ունենան միայն որոշ համալսարաններ: Ս. Հարությունյանը մտադիր է նաեւ Հայաստանում բացել Հետազոտական համալսարան: