Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը եւ Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ եւ Եվրախորհրդի երեւանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:

Այս առնչությամբ տարածված հայտարարությունում ասվում է.

«Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը` հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռեւս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաեւ Հայաստանի կողմից «Կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:

Բացի այդ, մենք աջակցում ենք նաեւ Խորհրդի կոչը` երաշխավորելու <<Կանանց եւ տղամարդկանց համար հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:

Ինչպես նաեւ, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է` ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու եւ պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության եւ կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների եւ կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:

Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների եւ պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:

Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման եւ կայուն զարգացման անկյունաքարը: Մենք եւս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց եւ տղամարդկան հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների, եւ խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում»: