Այսօր` ապրիլի 6-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է իր աշխատանքը: Մասնավորապես՝ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՀՅԴ խմբակցության կողմից առաջարկված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի վերաբերյալ: Ըստ այդ օրինագծի, առաջարկվում է ապրիլի 24-ը նշել որպես «հայրենատիրության օր»:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է այս օրինագիծը եւ դրական եզրակացություն չի տվել:

Այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այս կապակցությամբ նշել է, որ հայրենատիրության գաղափարը ՀՀԿ-ի գաղափարախոսության ամենածանրակշիռ գործոններից մեկն է, սակայն դա գաղափարախոսություն է, որը «ոչ մի ռեալ փաստարկի հետ չի կարելի կապել»: Նա հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու այդ նախագծին:

Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ցավով արձանագրել է, որ պետաիրավական հանձնաժողովի նիստում տպավորություն է ստացել, որ ներկաները ծանոթ չեն Նժդեհի մոտեցումներին: «Մարդիկ առաջարկում էին նույնիսկ այնպիսի մոտեցումներ, թե սահմանեք հայրենատիրությունը կամ հայրենիքը և այլն: Դեռ ավելին, եղան նույնիսկ դեպքեր, որ հայրենասիրության գաղափարը փորձ արվեց կապել աղբահանության հետ»,- ընդգծել է նա եւ կոչ արել կողմ քվեարկել օրինագծին: