Ղրղզստանում իշխանությունը փոխվելուց հետո երկրի խորհրդարանը ցրվել է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնել է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան: «Առայժմ բոլոր օրենսդիր գործառույթները կիրականացնի ժամանակավոր կառավարությունը, որը կգործի իշխանության հանձնման դեկրետի համաձայն: Նախագահի եւ կառավարության լիազորությունները կանցնեն ժամանակավոր կառավարությանը, իսկ ԿԸՀ-ի գործունեությունը ներկայումս դադարեցված են, մինչեւ ընդունվի նոր ընտրական օրենսգիրք: Բացի այդ, կվերացվի նախագահի քարտուղարությունը եւ Զարգացման հիմնադրամը»,- ասել է Օթունբաեւան, հավելելով, որ ժամանակավոր կառավարությունը կգործի 6 ամիս ժամանակով: Նրա ներկայացմամբ, այդ ընթացքում փձոփոխություններ կարվեն Սահմանադրության մեջ, ընտրական օրենսգրքում, կուսակցությունների մասին օրենքում եւ երթեր ու հանրահավաքներ անցկացնելու մասին օրենքում:

Օթունբաեւան նաեւ հայտարարել է, որ էլեկտրաէնեգիայի սակագները կիջեցվեն, ինչպես նաեւ կլուծվի երկրի ռազմավարական օբյեկտները վաճառելու հարցը:

Հիշեցնենք, որ երեկ ժողովրդական հուզումներ են տեղի ունեցել ողջ երկրի տարածքում, եւ իշխանությունների հետ բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 100-ի: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ թիկնապահների ուղեկցությամբ, լքել է երկրի մայրաքաղաքը, կառավարությունը հրաժարական է տվել: Բիշքեկում ձևավորվել է «ժողովրդական վստահության կառավարություն», որը գլխավորում է ընդդիմության առաջնորդներից, Ղրղզստանի նախկին արտգործնախարար Ռոզա Օթունբաևան։ «Այժմ գլխավոր խնդիրը կայունության վերականգնումն է, մարդկանց պաշտպանելն ու դիակապտության ու թալանի դեմն առնելը»,-հայտարարել է նա։ Ղրղզստանի Օշ քաղաքի իշխանություններն, իրենց հերթին հաստատել են, որ նախագահ Բակիևը, անվտանգության ծառայության ղեկավարության հորդորով, գտնվում է Օշում։

Բացի այդ, փակվել է ղրղզա-ղազախական սահմանը։ Ղազախստանից հնարավոր չէ մտնել Ղրղզստան, իսկ հակառակ ուղղությամբ ընդունվում են միայն Ղազախստանի քաղաքացիները։