«Եռաբլուր-պանթեոնում» հունվարի 22-ին զինվորական կարգով հողին հանձնեցին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական զինուժի իրականացրած դիվերսիոն հարձակման հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի դին (ֆոտոռեպորտաժ

Եռաբլուրի սրբ. Վարդանանց նահատակաց եկեղեցու դիմաց տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ։

Արմենի հրամանատար Էդվարդ Ասրյանը 19-ամյա սերժանտին հետմահու շնորհված մեդալը հանձնեց Արմենի հորը։

Հուղարկավորությանը ներկա էին Պաշտպանության նախարարը՝ ՊՆ ղեկավար անձնակազմի հետ միասին, բարձրաստիճան սպաներ, ազատամարտիկներ, արվեստագետներ, քաղաքական գործիչներ եւ այլ քաղաքացիներ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am