Ազգային ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը իր կայքում պարզաբանել է, թե ինչու չի ծառայել ՀՀ զինված ուժերում:

«Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերում իմ չծառայելու վերաբերյալ: Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել:

90-ականների սկզբին օրենք էր գործում, որ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, երրորդը ազատվում է զինվորական ծառայությունից. երկու ավագ եղբայրներս ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրս, ի դեպ, պատերազմի ժամանակ նաեւ հրետանավոր է եղել հայ-ադրբեջանական սահմանի Իջեւանի հատվածում) եւ ուրեմն օրենքը կիրառվել էր իմ նկատմամբ:

Բացի դա՝ ԵՊՀ ուսանող էի, եւ օգտվում էի նաեւ ուսանողի տարկետման իրավունքից: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ 1992 թվականից (դեռ նախազորակոչային տարիքից) զբաղվել եմ ակտիվ լրագրական գործունեությամբ, այդ թվում լուսաբանելով սահմանամերձ շրջաններում, իշխանության միջանցքներում եւ ընդհանրապես Հայաստանում տիրող իրավիճակը: Իմ լրագրական գործունեությունը հասկանալիորեն դուր չէր գալիս իշխանություններին: Եւ ահա, ինձ Երեւանի պետական համալսարանից ապօրինի կերպով հեռացնելը եւ որպես պատիժ՝ ապօրինի բանակ զորակոչելը դարձել էր որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նպատակ:

Դեռեւս ԵՊՀ ուսանող եղած ժամանակ զինվորական օպերատիվ խմբեր էին այցելում «Լրագիր օր» օրաթերթի խմբագրություն, ինձ հենց խմբագրությունից բերման ենթարկելու համար՝ ի պատասխան իշխանությանը վերաբերվող իմ հրապարակումների: 1995-ի վերջին ինձ ապօրինի հեռացրին համալսարանից ապա եւ  ջանքեր էին գործադրվում՝ Զինապարտության մասին օրենքով ինձ տրված իրավունքը շրջանցելու կամ չեղյալ անելու նպատակով: Սրա համար նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների մեկ-երկու գիշերային խմբեր են այցելել իմ ծննդավայր Իջեւան, իմ անձնական գործերում օրենքի խախտումներ գտնելու, ապա եւ՝ կազմակերպելու համար: Այս ապօրինությանը դիմակայելը սկզբունքի հարց էր եւ իշխանությունները ստիպված եղան ճանաչել լրագրող լինելու եւ Քաղաքացիական ճակատում ծառայելու իմ իրավունքը:

Լրագրողական գրեթե 20-ամյա իմ ծառայության ամենօրյա արդյունքները ՀՀ քաղաքացիների աչքի առաջ է: Դա եղել է ծառայություն՝ հանուն արդարության, օրինականության, ազատության, ժողովրդավարության: Ի դեպ, եւս մեկ տարի 11 ամիս  Հայաստանի Հանրապետությանը «ծառայել եմ» ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում եւ այդ ծառայությանը մեկնել եմ որպես կամավոր:)

Ինչ վերաբերվում է ընթացիկ ժամանակներին, հարկ եմ համարում ընդգծել. ինչպես հայտնի է, Քաղաքացիական պայմանագրի անդամ եմ, որին միացած յուրաքանչյուր ոք հռչակել է իր հետեւյալ պարտավորությունը.

4. բ) Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական հարձակման պարագայում, ըստ անհրաժեշտության, զինվորագրվել Հայրենիքի պաշտպանության գործին, ինչը նշանակում է՝ որպես կամավոր մեկնել ռազմական գործողությունների գոտի կամ զբաղված լինել գործունեության այնպիսի տեսակով, որն ուղղակիորեն ծառայում է Հայաստանի ռազմական հաջողության ապահովմանը:

Ներկայումս էլ ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, նրա ժողովրդին ու պետականությանը: Օգտվելով առիթից եւս մեկ անգամ շնորհավորում եմ Հայ ժողովրդին, Հայոց բանակի օրվա առիթով»,- գրել է Փաշինյանը: