Բազմաթիվ լեզուներով թարգմանված եւ միջազգային ճանաչում գտած Վարուժան Ոսկանյանի (նա այս տարի Ռումինիայի գրողների միության կողմից կրկին ներկայացվել է Գրականության Նոբելյան մրցանակի) «Շշուկների մատյան» վեպի շուրջը ծավալվում են տեսանելի եւ անտես իրադարձություններ: Գրաքննադատները եւ մամուլը «Շշուկների մատյան» վեպը համարում են դարի իրադարձություն, գլուխգործոց, Մարկեսի «Հարյուր տարվա մենության» արեւելաեվրոպական համարժեք, Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հրատարակությունից 80 տարի անց Հայոց ցեղասպանության մասին պատմող լավագույն գրական երկը: Ճիշտ մեկ տարի առաջ, 2013թ. հունվարի 29-ին, Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ` Նոբելյան մրցանակի հանձնաժողովին էր դիմել Իսրայելի Գրողների միության նախագահ Հերցել Հակակը` Վարուժան Ոսկանյանին Գրականության 2013թ. Նոբելյան մրցանակի ներկայացնելու առաջարկով: Նույն առաջարկն էին արել նաեւ Ռումինիայի եւ Հայաստանի գրողների միությունները*: Հերցել Հակակի նամակը շիտակ եւ անկեղծ գնահատականներ եւ մեկնաբանություններ է պարունակում վեպի գրական արժանիքների, հայ ժողովրդի համար ողբերգական դարաշրջանի եւ առաջադեմ մարդկության պարտքի մասին հանդեպ հեղինակի տաղանդի եւ հայ ժողովրդի տառապանքների: «Ոսկանյանը Հայոց ցեղասպանությունը վերածել է ճշմարիտ վկայության, եւ նրա «Շշուկների մատյանը» մնալու է որպես կենդանի հուշարձան: Այս ցավի հուշահամալիրում հեղինակը ոգեկոչել է բոլոր հիշողությունները, արյունոտ բոլոր պահերը, խորտակված բոլոր հույսերը: Անկենդան անցյալը վեր է հառնում փլատակներից: Ոսկանյանն իր տպավորիչ գրական նվաճումով միացել է դասական գրողների շարքին, ովքեր ի զորու են եղել աշխարհին տալ էպիկական մեծ գործեր, ինչպիսիք են «Պատերազմ եւ խաղաղությունը», «Աննա Կարենինան»…», գրում է Հակակը:

Ի դեպ, Շշուկների մատյանն այս հունվարի 21-ին ներկայացվել է Նոբելի ծննդավայր Ստոկհոլմում: Վեպի շվեդերեն հրատարակությունն արժանացել է շվեդական մամուլի եւ գրական շրջանակների հիացական գնահատականներին: «Գլուխգործոց», գրում է LiteraturMagazinet-ը, «ֆանտաստիկ» գիրք, «լի ուժով եւ զգացմունքով», լրացնում է Aftonbladet-ը, «հիանալի գրված, գետի նման հոսող պատմություն «, ավելացնում է Helsingborgs Dagblad-ը: Մինչ այդ, անցյալ տարվա սեպտեմբերին Շշուկների մատյանն արդեն ներկայացվել է Գյոթեբորգի Bok&Bibliotek տոնավաճառում, որը համարվում է Սկանդինավիայի գրքի ամենամեծ տոնավաճառը:

Հենց այս պատճառով վեպը գլխացավանք է դարձել թուրքական իշխանությունների համար, որոնք բոլոր միջոցներով փորձում են հակազդել դրան: Կառավարական եւ դիվանագիտական խողովակներով թուրքերը, որոնց վերջերս միացել են նաեւ ադրբեջանցիները, ճնշումներ են գործադրում տարբեր մայրաքաղաքներում:

Եւ կարծես զուգադիպությամբ, անցած հոկտեմբերին Վարուժան Ոսկանյանի դեմ, ով Ռումինիայի կառավարությունում զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի ազդեցիկ պաշտոնը, գզրոցից հանվեց մի մեղադրանք, թե իբր վեց տարի առաջ, նախորդ կառավարությունում պաշտոնավարության ժամանակ նա երկրի տնտեսությանը վնաս է հասցրել: Թեեւ քրեական գործ չհարուցվեց, սակայն վերահաս սկանդալի պատճառով Ոսկանյանն ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Ոմանք գուցե հասան իրենց նպատակին. Ոսկանյան-քաղաքական գործչի վրա կախված մնաց կասկածի ստվերը, որից անուղղակիորեն տուժում է Ոսկանյան-գրողը:

Այս մասին հետաքրքիր բացահայտումներ է անում ռումինական Adevarul օրաթերթն իր հունվարի 17-ի թողարկման մեջ, ուր ռումինագիր ճանաչված գրող եւ մեկնաբան Պետրոս Խորասանջյանը գրում է. «Սենատոր եւ գրող Վարուժան Ոսկանյանը, ով հետդեկտեմբերյան երկու տարբեր կառավարություններում եղել է նախարար եւ երեք գրողների միությունների` Ռումինիայի, Հայաստանի եւ Իսրայելի կողմից առաջադրվել Գրականության Նոբելյան մրցանակի, քրեական հետաքննության եւ հետապնդման մեջ է ինչ-ինչ քաղաքական որոշումների համար, որոնք կայացրել է Կալին Պոպեսկու Տարիչեանուի գլխավորած կառավարությունում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնելիս:

Թուրքական արձագանքները, տեսանելի թե անտես, գրող-քաղաքական գործչի գործունեության դեմ եւս անպակաս են: Տարիներ առաջ Վարուժան Ոսկանյանն առաջադրվել էր Բրյուսելում եվրոպական հանձնակատարի պաշտոնի համար: Անակնկալ: ԱՄՆ-ից ի հայտ է գալիս ոմն Լիվիու Տուրկու` արտաքին հետախուզության վարչության նախկին աշխատակից, ով Վարուժան Ոսկանյանին մեղադրում է սոցիալիստական Ռումինիայի գաղտնի ծառայություններին պատկանելու մեջ, ինչը սկանդալի առիթ է դառնում Բրյուսելում: Վարուժան Ոսկանյանն ստիպված է լինում հրաժարվել թեկնածությունից: Դատի է տալիս հետախուզության նախկին սպային` զրպարտանքի համար, եւ շահում դատը, սակայն անցածն անցած էր: Ռումին քաղաքական գործիչը չի դառնում եվրահանձնակատար, իսկ ռումին սպային չի հաջողվում գտնել ԱՄՆ-ի տարածքում: Աղբյուրներից տեղեկանում ենք, որ թուրքական իշխանությունների կողմից մեծ ճնշում էր գործադրվել Բրյուսելի վրա, որպեսզի ռումին գրողին չնշանակեն: Ով, ի դեպ, այդ ժամանակ դեռեւս ոչ մի գիրք, ոչ մի վեպ չէր հրատարակել, ինչը նրան հետագայում բերելու էր ոչ միայն փառք եւ հռչակ, այլեւ` բազմաթիվ հակառակորդներ:

Մինչ «Շշուկների մատյան» վեպի լույս տեսնելը Վարուժան Ոսկանյանը գրական շրջանակներից դուրս ծանոթ էր առավելապես սոսկ որպես քաղաքական գործիչ: Պոեզիայի մի քանի հատորներն ու կարճ արձակը նրան բերեցին բավական համբավ, ինչը բավական էր, որպեսզի զբաղեցնի Ռումինիայի գրողների միության փոխնախագահի պաշտոնը: Եւ ոչ միայն դառնա Ազգային-ազատական կուսակցության կարկառուն ղեկավար, սենատոր, նախարար եւ այլն, այլ նաեւ Հայոց միության նախագահ: Ռումինիայի՛ Հայոց միության նախագահ` երկիր, որը միշտ գրկաբաց է ընդունել հայերին: Ճիշտ է, հայերն էլ դատարկաձեռն չէին եկել այստեղ: Եթե հետները բերած չլինեին ոսկով լի պարկեր, աշխատասիրություն, առեւտրի ու արհեստների հմտություն եւ այլ ունակություններ, հնարավոր է` նրանց տեղն այդքան չերեւար: Եւ հասունացավ դա վկայող վեպի ծննդյան ժամանակը: Ծավալուն մի վեպ, վեպ հիշողությունների եւ ճշմարտության մասին: Ոչ միայն հայերի, որոնք կազմում են գրքի վիպական նյութը: «Շշուկների մատյան» վեպն արդեն իսկ թարգմանվել է շատ օտար լեզուներով եւ արժանացել բազմաթիվ գրական մեկնաբանությունների` ոչ միայն Ռումինիայում, այլ նաեւ աշխարհի տարբեր անկյուններում: Բեսթսելլեր, որը գրավել է ոչ միայն գրասեր հանրության, այլ նաեւ մասնագետ քննադատների ուշադրությունը: Այս հրաշալի գիրքը դարձել է 20-րդ դարի արյունալի ողբերգական էջերի մասին խորհրդանշական մի գործ,  որպես հայ ժողովրդի ցավ, որ Վարուժան Ոսկանյանը ներկայացնում է լավագույնս փաստարկված: Վիպական հնարանքները նվազագույնի են հասցված. ամեն ինչ հիմնված է վկաների եւ փաստաթղթերի վրա: Երեւակայության կարիք չկա, երբ կյանքը հաղթում է գրականությանը: Մեծ եւ փոքր պատմությունները ձեռք ձեռքի են տալիս. աշխարհասփյուռ հայերի եւ ռումինահայերի մասին, ռումինների եւ նրանց պատմության մասին, որի մի մասը կերտել եւ կերտում է նաեւ հեղինակի ընտանիքը: Հեռու ընտանեկան պատում լինելուց` մեր աչքերի առջեւ պտտվում է դարի պատմության ժապավենը: Սա է այս վեպի մեծագույն արժանիքը, սկզբում միայն միջազգային հարթակում: Բազմաթիվ հրատարակումները, բանավեճերը, հարցազրույցները, գրքի միջազգային տոնավաճառներին մասնակցությունը եւ այլն, վեպի համար ձեւավորել են սպասողական հորիզոն, ճակատագիր, որը դեռ ուրվագծման փուլում է:

Ահավասիկ թուրքական իշխանությունների կեցվածքն ընդդեմ Վարուժան Ոսկանյանի: Ռումինիայի մշակույթի նախկին նախարար Հունոր Կելեմանի վկայությամբ, 2009թ. Թուրքիայի մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ վերջինս խնդրել է, որպեսզի ռումինական պետությունը չսատարի վեպի տարածմանը: 2012թ. սեպտեմբերին Ռումինիայում Թուրքիայի դեսպանությունը նոտա է ուղարկել Ռումինիայի ԱԳՆ եւ մշակույթի նախարարություն, որում իր բողոքն է հայտնում` կապված Բուխարեստի Գյուղի թանգարանում Հայկական մշակույթային օրերի շրջանակներում «Շշուկների մատյան» վեպի ներկայացման հետ: 2013թ. մարտ ամսին Բրյուսելի գրքի տոնավաճառի թուրք մասնակիցները հրաժարվեցին մասնակցությունից, քանի որ նույն ցուցահանդեսի շրջանակներում պիտի ներկայացվեր նաեւ «Շշուկների մատյան» վեպի ֆրանսերեն տարբերակը: Ռումինական եւ միջազգային մամուլից քաղված օրինակները կարող են բազմապատկվել: Հարկ է նշել, որ Ռումինիայի նախագահի ռազմավարական հարցերով խորհրդական Յուլիան Կիֆուն, ով անցած տարի Բաքվում գաղտնի հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, հայ դիվանագետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Շշուկների մատյանի» Նոբելյան մրցանակի արժանանալու ձգտումները «մեծ վնաս են հասցնում ռումինական պետությանը»:

Ռումինիայի ներկայիս նախագահի հայերի եւ Հայաստանի նկատմամբ տածած ատելության մասին այլեւս կարիք չկա վերհիշելու: Բազմաթիվ առիթներով խոսել եմ դրա մասին: Միայն հիշենք մի քանի տարի առաջ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ, դիմելով բժիշկ Միրչա Գեմիջյանին, ով բուժել էր իրեն, նա չքմեղանքով ասել էր` «առաջին լավ հայն ես, որին ճանաչում եմ»: Սա պետության ներկայիս ղեկավարի ոչ առաջին եւ ոչ էլ վերջին անպատասխանատու հայտարարությունն է: Ռումին որոշ քաղաքական գործիչների թշնամանական կեցվածքն ընդդեմ Վարուժան Ոսկանյանի առաջադրմանը, ներող եղեք, հիմարություն է, եթե չասենք չարություն: Եւ գիրքը, որը Frankfurter Allgemeine Zeitung-ը բնորոշում է որպես «21-դարի շրջադարձային գրքերից մեկը», կարող է չգնահատվել հենց այն երկրում, որը ծնունդ է տվել գրքի հեղինակին: Քանզի Վարուժան Ոսկանյանը, հայ կամ ոչ, ռումին գրող է եւ նրա վեպն ավելիին է արժանի, քան վիրավորանքներն ու բոյկոտը: Գրքերը, ինչպես նաեւ մարդիկ, ունեն իրենց ճակատագիրը: Ներգրավված լինելով Վարուժան Ոսկանյանի այս գրքի ծագումնաբանության մեջ` ես չեմ կարող անտարբեր դիտել, թե ինչ է կատարվում գրքի եւ հեղինակի հետ: Ցանկանում եմ հրապարակայնորեն իմ համերաշխությունը հայտնել Վարուժան Ոսկանյանին եւ նրա վեպին: Համոզված եմ, որ «Շշուկների մատյան» վեպի երկար ճանապարհը դեպի գրական արժանիքների ճանաչում, ինչպես նաեւ որպես 1915թ. ողբերգության` Թուրքիայի կողմից դեռեւս չընդունված Ցեղասպանության կենդանի վկայություն, կընթանա բնական եւ սահուն հունով` ի հեճուկս անցյալի դրամատիկ էջերի, ներկայի տառապանքների եւ ճշմարտության դեգերումների»,- ավարտում է իր խոսքը Պետրոս Խորասանջյանը:

Ռումինական գրական-քաղաքական միջավայրում տիրող մտայնությունների եւ բարքերի հենքին Վարուժան Ոսկանյանի եւ նրա վեպի շուրջը ծավալվող իրադարձություններին է անդրադառնում նաեւ ժամանակակից ռումին ճանաչված արձակագիր Դոյնա Ռուշտին/Doina Ruşti:

«Վարուժան Ոսկանյանն ընդամենը մեկ գիրք է գրել («Շշուկների մատյան») եւ առաջադրվել Նոբելյան մրցանակի: Այս հանգամանքը չէր կարող գրական համքարության ուշադրությունից վրիպել:

„Շշուկների մատյանը» սիրվեց լույսընծայման օրվանից իսկ, գրական հասարակությունը խոստովանեց, որ այն հիասքանչ եւ զգացմունքով գրված վեպ է: Գիրքն առաջին դեմքով պատմում է մի ընտանիքի եւ հայերի պատությունը: Վարուժան Ոսկանյանը նկարագրում է Անատոլիայի սպանված կամ արտաքսված հայերի ողբերգությունը, ինչը նրա գրքին հաղորդում է նաեւ քաղաքական բաղադրիչ: Բազմաթիվ լեզուներով թարգմանված եւ հանրությանը ներկայացված այս գիրքը ոգեւորություն առաջացրեց հայկական համայնքներում եւ ոչ միայն: 2013թ. Ռումինիայի գրողների միությունը վեպն առաջադրեց Նոբելյան մրցանակի: Նույն կերպ վարվեց նաեւ Հայաստանի գրողների միությունը: Այնուհետեւ, անսպասելի կերպով, նաեւ Իսրայելի Հրեական գրողների միությունը „Շշուկների մատյանն» առաջադրեց Նոբելյան մրցանակի: Հաշվի առնելով այս հանգամանքը, որ Իսրայելում առկա են բարձրակարգ շատ գրողներ, նրանց գրողների ֆորումն այդուհանդերձ ընտրեց Վարուժան Ոսկանյանին: Երեւում է գրքի եբրայերեն տարբերակը հուզել է` հատկապես հաշվի առնելով ցեղասպանության թեման:

Գրական հանրության արձագանքներին հաջորդեցին նաեւ քաղաքական արձագանքները: Թուրքական կառավարություը պաշտոնապես բողոքեց` պահանջելով ռումինական կառավարությունից չքարոզել գիրքը, որակելով այն որպես թուրքերին վարկաբեկող: Գեղարվեստական գրքերին ուղղված այստեսակ բացասական արձագանքները բավական հաճախակի բնույթ ունեն եւ, որպես կանոն, դրանք նույնպես նպաստում են գրքի տարածմանն ու ճանաչմանը: Սակայն ոչ այս դեպքում: Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Վարուժան Ոսկանյանին ներառեցին Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում, նրա անունը հայտնվեց նաեւ մեղադրյալների ցուցակում: Ասվեց, թե իբր 2006թ. խարխլել է ազգային տնտեսությունը եւ դրա համար էլ ստիպված եղավ ներկայանալ դատախազություն:

Պատկերացում չունեմ, թե ինչում է նա մեղադրվում, սակայն նախնիներից ինձ մնացած ժառանգության հիմքի վրա կարող եմ ասել, որ շատ քիչ հավատ ունեմ ռումինական արդարադատության նկատմամբ: Վերջին տարիների արդեն բազմաթիվ սխալների եւ անհեթեթությունների ենք ականատես եղել հենց այսպիսի թեմաներով` կապված բարձրաստիճան անձանց նկատմամբ մեղադրանքների հետ: Ռեժիսոր Անդրեյ Բլայերը հրապարակավ մեղադրվեց կոմունիստական Սեկուրիտատեի հետ համագործակցության մեջ: Թերթերը նրան ոտի տակ գցեցին, ընկերները` պախարակեցին, արդյունքում էլ Բլայերը վախճանվեց: Դրանից քիչ անց նա հետմահու շահեց մեղադրողների նկատմամբ դատը` ապացուցելով, որ մեղադրանքները սուտ էին եւ իրականում ինքը շարունակաբար հալածվել է Սեկուրիտատեի կողմից: Սակայն ոչ ոք այլեւս չգրեց դրա մասին: Այս դեպքը եզակիներից չէ: Վերջին 10 տարվա ընթացքում մամուլն արձանագրել է „Սեկուրիտատեի հետ չհամագործակցություն» պիտակով հետագայում հանված մեղադրանքների մի ազդեցիկ ցուցակ: Ինքը` Վարուժան Ոսկանյանը, մեղադրվել է լրտեսության մեջ (Տուրկուի գործով), սակայն հետագայում ապացուցվեց, որ այդ ամենը միայն զրպարտություն էր: Այսպես կողքից հետեւելով ինձ համար դժվար է խոսել այս մեղադրանքների մասին, որոնց արդյունքում ինչ-որ մեկը մի գիշերվա մեջ դառնում է պերսոնա նոն գրատա: Համոզված եմ միայն նրանում, որ Ոսկանյանը պատվարժան անձնավորություն է եւ լավ գրող: Մնացյալը պատահմունքներ են, որոնք ակնհայտ կերպով տեղավորվում են մեր ավանդական ռումինական կյանքի կտավի վրա:

Հաշվի առնենք նաեւ ժամանակային առումով առավել քան կասկածելի պահը. Ոսկանյանի հասցեին մեղադրանքներն սկիզբ առան Նոբելյան մրցանակին առաջադրվելուց անմիջապես հետո: Ուստի, ճանաչելով, թե ինչպես են գործում գրողական հավակնությունները, հավատս չի գալիս, որ այս մեղադրանքների մեջ խառնված չեն նաեւ մեր գրչեղբայրները: Հատկապես քաղաքականության մեջ խցկվածները քիչ չեն:

Ոսկանյանի պատմությունն սկիզբ է առնում գրքի կայծակնային հաջողությամբ, շարունակվում թուրքերի բողոքներով եւ Նոբելյան մրցանակի առաջադրմամբ, եւ հանգուցալուծվում մի քանի արտա-գրական մեղադրանքներով, որոնք, ըստ իս, ուղղված են ոչ թե կործանելու քաղքական գործչին, այլ շրջանառությունից հանելու գրողին, ով այդքան մոտ է միջազգային օծմանը: Միջազգային մամուլի անդրադարձերն ընթերցելիս, որտեղ նրան համեմատում են, օրինակ` Մարկեսի հետ, անհնար է չնկատել մարտնչող գրչեղբայրների նախանձից կանաչած դեմքերը: Էլ ո՞ր ռումինացի գրողն է ունեցել մամուլի նմանօրինակ արձագանք: Հավատս չի գալիս, որ տնտեսության խարխլման հետ կապված գործը կապ չունի գրական հաջողությունների հետ»,- եզրափակում է Դոյնա Ռուշտին:

Այստեղ ակամա զուգահեռ ես անցկացնում մի այլ հայ գրողի` իտալահայ Հրանտ Նազարյանցի հետ, ով 1953թ. իտալացի գրչեղբայրների կողմից ներկայացվել էր Նոբելյան մրցանակի: Նազարյանցի կենսագիր Մագդա Վիջիլանտեն/Magda Vigilante դառնությամբ գրում է, թե «ոչ ոք իրապես հետաքրքրված չէր դրանում, քանի որ դա իտալական կառավարության համար դիվանագիտական խնդիր կհարուցեր թուրքական կառավարության հետ…, Նազարյանցի հայ լինելու պատճառով» (Fili d’Aquilone, թ. 9, հունվար-մարտ 2008):

Ի լրումն Պետրոս Խորասանջյանի եւ Դոյնա Ռուշտիի մեկնաբանությունների` Վարուժան Ոսկանյանը հունվարի 23-ին հանդես եկավ հավելյալ բացահայտումներով: Ահա թե ինչ է գրում նա.

«Անցած օրերին իմ բլոգում/http://vosganian.ro/ ներկայացրել էի երկու մեկնաբանություն. մեկը` Պետրոս Խորասանջյանի, մյուսը` Դոյնա Ռուշտիի, որոնք, ըստ էության, ասում են միեւնույն բանը. 2013թ. սեպտեմբերին Սենատին ուղղված դատախազության հարցումը հարկավոր է դիտարկել ավելի լայն կոնտեքստում` կապված Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական լոբբիի եւ այն հանգամանքի հետ, թե ինչպես է ընկալվել իմ «Շշուկների մատյան» վեպը:

Վկայում եմ, որ թուրքական դիվանագիտության փորձերը` ուղղված «Շշուկների մատյանի» տարածման արգելափակմանը, համապատասխանում են իրականությանը: Թուրքիայի մշակույթի նախարարի հարցման վերաբերյալ` որ ռումինական պետությունը չխրախուսի վեպի տարածումը, Երեւանում «Շշուկների մատյանի» ներկայացման առիթով մեզ ասաց այդ ժամանակվա Ռումինիայի մշակույթի նախարար Հունոր Կելեմանը: Ռումինիայի ԱԳՆ-ին եւ Մշակույթի նախարարությանն ուղղված նամակին, որում Թուրքիայի արտգործնախարարությունը խնդրում է արգելափակել «Շշուկների մատյանի» հանրային ներկայացումները, քանի որ դրանք «վիրավորում են թուրք ժողովրդի զգացմունքները», Ռումինայի մշակույթի նախարարության կողմից տրվել է նաեւ պատասխան: Ռումինական կողմն արդարացիորեն վկայակոչել է ժողովրդավարական պետությունում մշակութային ակտի արտահայտության ազատությունը: Նախագահ Բասեսկուի ռազմավարական հարցերով խորհրդականի հայտարարությունն էլ հաստատվել է այդ հանդիպմանը ներկա որոշ դիվանագետների կողմից: Սակայն Պետրոս Խորասանջյանը տեղյակ չէ նաեւ, որ թուրքական դիվանագիտությունն ակտիվ լոբբինգ էր ձեռնարկել` ներառյալ վարչապետ Վիկտոր Պոնտայի մոտ, որպեսզի վերջինս ինձ ետ կանգնեցնի վեպի նոր ներկայացումների կազմակերպման հարցում: 2013թ. ապրիլին` Փարիզի Գրքի սալոնի նախօրեին, որի շրջանակներում պիտի ներկայացնեի «Շշուկների մատյանի» ֆրանսերեն տարբերակը, Վիկտոր Պոնտան ինձ հետ խոսեց թուրքական դիվանագիտության դիմումի մասին եւ խորհուրդ տվեց չեղյալ հայտարարել մասնակցությունս Փարիզի Գրքի սալոնին: Ի պատիվ նրա, չպնդեց` ստանալով մերժումս:

Դատախազության գործունեության եւ թուրքական լոբբիի միջեւ կապը կարող էր երեւակայական թվալ, եթե չլինեին նաեւ այլ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ ինձ վերաբերող որոշ իրավիճակներում թուրքական լոբբին կատարյալ ներդաշնակ է ռումին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

2006թ. գարնանը, այդ ժամանակվա արտգործնախարար Միհայ Ռազվան Ունգուրեանուն Ազգային ազատական կուսակցության/PNL Մշտական բյուրոյի նիստերից մեկում նշեց թուրք դիվանագիտության միջնորդությունն առ այն, որ ես այլեւս Խորհրդարանի ամբիոնից չխոսեմ Ռումինիայի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Իմ կողմից նման քայլերը կանխելու համար Միհայ Ռազվան Ունգուրեանուն առաջարկեց, որպեսզի ապրիլի 24-ի մոտերքը Սենատում քաղաքական հայտարարությունների համար PNL-ին հատկացված ժամանակից ինձ խոսք չհատկացվի:

2006թ. հոկտեմբերին Եվրահանձնակատարի պաշտոնի համար իմ թեկնածությունը պարզ ցույց տվեց, որ ռումին որոշ քաղաքական գործիչների եւ թուրքական լոբբիի շահերը համընկնում են: Իմ թեկնածության երդվյալ հակառակորդն էր անձամբ նախագահ Բասեսկուն: Որ Ռումինիայի նախագահը արշավ էր կազմակերպել իմ թեկնածության դեմ, սրա մասին անձամբ ինձ ասաց ԵՀ նախագահ Խոսե Մանուել Բարոզուն, Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում որպես եվրահանձնակատարի պաշտոնի թեկնածու ինձ հետ հանդիպման ժամանակ: Ավելին, այդ օրերին Ռումինիայի նախագահն առանց ամաչելու հեռուստատեսային հաղորդումների ժամանակ քանիցս հանդես եկավ իմ մասին ստահոդ լուրերով, օրինակ, թե իբր ես ռասիստ եմ եւ առաջարկել եմ, որպեսզի գնչուներին փակեն գետոներում (!?): Նմանօրինակ վարքագիծ էր որդեգրել նաեւ թուրքական լոբբին: Առիթ եմ ունեցել այդ օրերին ընթերցելու թուրքական մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումեր, որոնք անհանգստացած էին եվրահանձնակատարների շարքում իմ հավանական ներկայությունից: Այս իրողությունը լուսաբանվել է նաեւ ռումինական մամուլի կողմից: Ահա, թե ինչպես է 2006թ. հոկտեմբերի 27-ին HotNews-ը վերնագրել իր նյութը. «Թուրքիան անհանգստացած է եվրահանձնակատարի պաշտոնում Ոսկանյանի առաջադրման կապակցությամբ»: Եւ շարունակում. «Թուրքիան անհանգիստ է թվում Վարուժան Ոսկանյանի եվրահանձնակատարի պաշտոնում առաջադրվելու կապակցությամբ: Թուրքական Հյուրիեթ/Hurriyet թերթը հաղորդում է, որ Անկարայում դժգոհ են Սեւծովյան տարածաշրջանում իրենց դաշնակից Ռումինիայից, որ այդ պաշտոնի համար առաջադրել է հայ փոքրամասնության ներկայացուցչին»: «Ոսկանյանը մեծ դեր է խաղացել Թուրքիայի կողմից իրագործված Հայոց ցեղասպանությունը Ռումինիայում  ճանաչել տալու հարցում»,- գրում է վերոնշյալ պարբերականը: Թե ինչպես եվրահանձնակատարի պաշտոնին իմ թեկնածությունն արգելափակվեց, հստակ կերպով ցույց է տալիս, որ տեղեկատվական կառույցների միջեւ,- եւ ոչ անպայման ռումինական,- գոյություն ունի համագործակցություն:

Հավանաբար կզարմանաք, թե ինչպես է նախագահ Բասեսկուի անվտանգության հարցերով խորհրդականը հնչեցրել այն միտքը, թե «Շշուկների մատյանը մեծ վնաս է հասցնում ռումինական պետությանը»: Վերջինս շարունակաբար հնչեցրել է այս տեսակետը` ելնելով վերջին տարիներին Կոտրոչենի կողմից որդեգրած որոշակի միտումից: Նախագահ Բասեսկուն ակնհայտ ատելություն է տածում Հայաստանի նկատմամբ: ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ երկրների շարքում Ռումինիան եւ Թուրքիան միակն են, ովքեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում բացեիբաց հանդես են գալիս ի պաշտպանություն Ադրբեջանի: Արդյունքում, որպես նման վերաբերմունքի հետեւանք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. գարնանը չեղյալ հայտարարեց Ռումինիա կատարելիք իր այցը` այցից մի քանի օր առաջ, որն այլեւս չվերանորոգվեց:

Այն փաստը, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում սկսելու մասին դատախազության որոշումն ընդունվեց քննվող իրադարձություններից մոտավորապես 6 տարի անց, սակայն Շվեդական ակադեմիայի շրջանակներում Նոբելյան մրցանակների շնորհմանը վերաբերող քննարկումից մի քանի շաբաթ առաջ, կարող է պատահական համընկնման արդյունք լինել: Կամ էլ` ոչ: Դատախազության կողմից նշված փաստերը հայտնի էին դեռեւս 2008թ. մարտից, որոնք որակվել էին որպես կառավարության կողմից հաստատված ակտեր, եւ այդ միջոցում ոչինչ տեղի չէր ունեցել, որ առիթ տար հետագա հետաքննության: Եւ այնուամենայնիվ, գործողություններն սկիզբ առան 2013թ. սեպտեմբերին: Ոչ ուշ, ոչ շուտ: Հոկտեմբերին Նոբելյան կոմիտեն պետք է որոշում կայացներ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հաղթողի վերաբերյալ: Իմ թեկնածությունը սատարում էին երեք ազգային գրողների միություններ (Ռումինիա, Հայաստան եւ Իսրայել): Առաջին անգամը չէր, որ ռումինական որոշ կառույցներ գործի էին դրվել` կարեւոր միջազգային մրցանակին ռումին գրողի թեկնածությունը վարկաբեկելու համար: Ակնհայտ է, որ իմ կողմից Նոբելյան մրցանակին արժանանալու հնարավորությունները նվազագույն էին: Սակայն սոսկ այն փաստը` մինչեւ այժմ միակ, որ ռումինական գրականության մի երկ Նոբելյան մրցանակի համար սատարվել է երեք ազգային կազմակերպությունների կողմից եւ հատկապես Իսրայելի Հրեական գրողների միությունը պաշտպանում է հայոց ցեղասպանության մասին վեպը, կարող էր դառնալ այնպիսի լուր, որը կտարածվեր ողջ աշխարհով մեկ: Թուրքական ժխտողական լոբբիի համար ավելի մտահոգիչ լուր, քան եվրահանձնակատարի պաշտոնում իմ թեկնածությունը:

2015թ. կնշվի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը: Ի հիշատակ այդ իրադարձության ողջ աշխարհով մեկ տեղի կունենան տարբեր միջոցառումներ: «Շշուկների մատյանն» արդեն լույս է տեսել տասը լեզուներով եւ մի քանիսով էլ դեռ կթարգմանվի: Աշխարհի շատ երկրներում արդեն ծրագրված են վեպի ներկայացումները: Մարդկությունը հնարել է կատարելագույն զենքեր, որ կարող են ոչնչացնել ամբողջ բանակներ, բայց դեռեւս չի հայտնագործել մի զենք, որը կպայքարի գրքերի դեմ: Քանզի հնարավոր չէ կասեցնել գրքերի ընթացքը. հնարավոր է սոսկ մի բան` կարճ ժամանակով վարկաբեկել գրողին: