Շիրակի մարզի Բավրա համայնքի կարեւորագույն խնդիրը գազաֆիկացումն է: Այս մասին այօր՝ փետրվարի 26-ին Բավրա կատարած այցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հայտնեցին համայնքի ներկայացուցիչները:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են. «Մասնավորապես բարձրացվեց տարածաշրջանի համայնքների գազաֆիկացման խնդիրը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում է հարցը Բավրայի մաքսակետի արդիականացման ծրագրի շրջանակում լուծելու հնարավորությունը: Մյուս խնդիրը վերաբերում էր հողօգտագործման հարցերին` կապված հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի հետ: Ղազանչի համայնքի ղեկավարն էլ իր հերթին բարձրացրեց համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի լրացուցիչ սեփականաշնորհում իրականացնելու հարցը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ այն քննարկվել է կառավարությունում, շրջանառության մեջ է դրվել համապատասխան փաստաթուղթը եւ, ակնկալվում է, որ երկու գյուղերի` Ղազանչիի եւ Փոքր Սեպասարի նմանատիպ խնդիրն առաջիկայում լուծում կստանա: Փոխվարչապետն այնուհետեւ շրջայց կատարեց Բավրայի նորակառույց համայնքային կենտրոնի շենքում, որտեղ ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ: Կենտրոնը կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով, որի ընդհանուր արժեքը շուրջ 70 մլն դրամ է: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ աշխատանքները կավարտվեն առաջիկայում: Նոր կենտրոնի շենք կտեղափոխվի գյուղապետարանի աշխատակազմը, այնտեղ կգործի նաեւ հանդիսությունների սրահ, գրադարան, ինչպես նաեւ կլինի համակարգչային սենյակ:
Փոխվարչապետն այցն ավարտեց Գյումրիում: Քաղաքապետարանում մարզպետի եւ քաղաքապետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվեցին իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր»: