Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ անմիջապես Քաղավիացիայի  գլխավոր վարչության շենքում, տեղակայված է Քաղավիացիայի թանգարանը։

Ստենդներ, օդանավերի մոդելներ, թռիչքների քարտեզ, «սեւ արկղ», որն իրականում նարնջագույն է, գրադարան։

Թանգարանը ստեղծվել է  1998թ.՝ Հայաստանի քաղավիացիայի 65-ամյակի առթիվ։   NEWS.am-ի ընթերցողներին ցուցանմուշների մասին կպատմի թանգարանի պատասխանատու Ռազմիկ Արտաշեսի Գասպարյանը։

Չնայած պաշտոնի համեստ անվանմանը, նա թանգարանի հիմնադիրն է, պահապանը եւ միակ աշխատակիցը։ Միայն իր խանդավառության եւ էներգիայի շնորհիվ թանգարանը պահպանվում եւ համալրվում է նոր ցուցանմուշներով։

Ռազմիկ  Գասպարյանը ՀԽՍՀ սպորտի առաջին կարգի վարպետ է  (պարաշյուտացատկի)։

Պարաշյուտով առաջին թռիչքը նա կատարել է 15 տարեկանում՝  բացառության կարգով, աերոակումբի տնօրեն Հակոբ Մանուկյանի  թույլտվությամբ, քանի որ թռիչքը թույլատրելի էր 16 տարեկանից։  Վերջին թռիչքն էլ 62 տարեկամում է կատարել՝ Քաղավիացիայի  70-ամյակի պատվին։

«Հայ ժողովուրդն ավիացիային ծանոթ է 1902թ.-ից՝ շատ ազգերից շատ ավելի վաղ։ Հայ առաջին օդագնացը Ալեքսանդր Թոփչյանն էր։ Ռուսաստանում բնակվելով՝ նա վերցրել է Տոպչիեւ ազգանունը։ Ավելի ուշ՝ 1911-ին, նա օդաչու էր դարձել», - պատմում է Ռազմիկ  Գասպարյանը։

1902-1920թթ. ընթացքում հայ ժողովուրդը աշխարհին 80 օդագնաց եւ օդաչու է տվել։

 «Մենք հպարտանալու իրավունք ունենք։ Այսքան փոքրաթիվ ազգ ենք եւ այդքան օդաչու ենք տվել, որոնք հետագայում դարձել են ուսուցիչներ, հրահանգիչներ՝ օդաչուների սերունդ պատրաստելով։ Ցավոք, հայկական ավիացիան այժմ լավագույն ժամանակներ չի ապրում»,- ասաց Ռազմիկ  Գասպարյանը։

Առանձին  ստենդով ներկայացված է հայկական ավիացիայի պատմությունը՝ նախորդ դարից սկսած։ Ներկայացված են նաեւ ռազմաօդաչուները, փորձարկող օդաչուները։  «Հայերի թվում նաեւ ծովային օդաչուներ կային»,- ասաց Ռազմիկ  Գասպարյանը։

Արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից էին հայ օդաչուները։ Նրանցից 15-ը զոհվել են։    Արցախյան պատերազմի տարիներին Յակ-40 օդանավի եւ ուղղաթիռների զոհված օդաչուների դիմանկարների կողքին 1989թ. հոկտեմբերի 20-ին Սպիտակի երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն տեղափոխող վթարված օդանավի ռուս օդաչուների դիմանկարներն են։ 

1988թ. դեկտեմբերի 12-ին հարավսլավյան օդանավի անձնակազմի զոհված անդամների դիմանկարներն առայժմ չկան։

Եվս մեկ ստենդ նվիրված է տարբեր իրավիճակներում վթարի ենթարկված քաղաքացիական օդանավերին։

Հայաստանում Քաղավիացիայի ստեղծման պատմությունը 1933թ. սեպտեմբերի 30-ից է սկսում, երբ կատարվել էր առաջին՝ Թբիլիսի-Երեւան չվերթը։ Առաջին ղեկավար էր նշանակվել Գեղամ Ղարիբջանյանը։ Համապատասխան ստենդով ներկայացված են քաղավիացիայի ղեկավարները։ Թանգարանում ցուցադրված են նաեւ օդաչուների համազգեստները։

Հայաստանում առաջին աերոակումբը բացվել է 1923թ.։ Դրա վերջին ղեկավարը Դանիել Բալայանն էր, որն այժմ ղեկավարում է մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիայի իստիտուտը։ Ակումբը պատրաստում էր օդաչուների, սավառնորդների եւ պարաշյուտիստների։  

«Ավիացիայի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած հայուհիներ են եղել՝ ավիահրահանգիչ Ելիզավետա Շահխաթունին,  Թամարա Ոդենյանը՝ Մոսկվայի Ավիացիայի ակադեմիայի առաջին շրջանավարտներից։ Նրան բացառության կարգով թույլատրել էին  Կլիմենտ Վորոշիլովի ակադեմիա ընդունվել՝ Կոնստանտին Ցիոլկովսկու խնդրանքով։

Առաջին օդաչու-հրահանգիչ Ռոզա Աբրահամյանը, առաջին պարաշյուտիստուհի Գոհար Շահսուվարյանը», - նշեց Ռազմիկ  Գասպարյանը։  Կա նաեւ բորտուղեկցորդուհի Դոլորես Ղազարյանի դիմանկարը, որը 1983-ին կանխել է օդանավի առեւանգումը Թուրքիա։ Աղջկան հաջողվել էր ահաբեկչի համոզել օդանավը վայրէջքի բերել  իբրեւ թե Կարսում, այնինչ իրականում Լենինականում են եղել։ Ահաբեկչին բռնել էին։

Հայրենական մեծ պատերազմի ստենդին ներկայացված են ԽՍՀՄ վաստակավոր օդաչուներ, ինժեներներ, տեխնիկներ։

«Քչերը գիտեն, որ Հայաստանին այդքան օգնած  հայտնի մեկենաս Քըրք Քըրքորյանը 20 տարվա փորձով ռազմական օդաչու է։  Հայերի շարքում նաեւ տիեզերագնացներ են եղել։ Ջեյմս Բաղյանը երկու անգամ տիեզերք է թռել։ Հայաստանի երկնքով թռչելիս նա հայերեն ողջունել է»։

Գերմանական օդաչու Պերճ Զուդերման-Դավիդյանը  613 օդանավ է կործանել։ Հայի եւ գերմանուհու որդին Ավիացիայի ակադեմիայի ավարտական երեկոյի ընթացքում Հիտլերի ուշադրությունը գրավել է Կոմիտասի իր կատարմամբ։

40-ական թվականներին, հիասթափվելով երբեմնի պաշտելի Հիտլերից, միացել է դավադիրների ճամբարին, որոնք մտադիր էին 1944թ.-ին սպանել առաջնորդին։ Ձախողումից հետո նրան կալանավորել եւ գնդակահարել են։

«ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող-ղեկապետ (շտուրման) Կոնստանտին Մալխասյանը մարշալ Գոլովանովի անձնակազմի թվում Ստալինի գլխավորած պատվիրակությանը տարել է Թեհրանի կոնֆերանսին մասնակցելու։

Ալեքսանդր Ղազարյանը ռազմական օդանավի անձնակազմի ղեկապետն է եղել:  Օդանավը կործանել էին, Ղազարյանը գերի էր ընկել: Հերթական փորձից հետո հաջողվել էր փախչել: Ֆրանսիայի տարածքում նա պարտիզանական ջոկատ էր ձեւավորել` մեծ կորուստներ պատճառելով գերմանացիներին: Այդ միջազգային ջոկատում կային իտալացիներ, մեր հայրենակիցներից, ֆրանսիացիներ, խորհրդային քաղաքացիներ: Ղազարյանը ԽՍՀՄ-ի, Իտալիայի, Ֆրանսիայի բազմաթիվ պարգեւների ասպետ է:

Սերգեյ Աղավելյանը  «Նորմանդիա-Նեման» ֆրանսիական էսկադրիլի գլխավոր ինժեներն է եղել:

Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը, գեներալ-գնդապետ Արտեմ Միկոյանը, վաստակավոր փորձարկող օդաչուներ, Խորհրդային Միության հերոսներ:

Սերգեյ Բուռնազյան` 260 մարտական թռիչք, զոհվել է գնացքի ռմբակոծման ժամանակ: Եվ շատուշատ բազմաթիվ հայեր, որոնք ներդրում են ունեցել ավիացիայի զարգացման եւ Գերմանիայի դեմ հաղթանակի գործում»:

Հատկանշական է, որ այժմ էլ ռուսական Թռիչքափորձարարական կենտրոնի ղեկավարը մեր հայրենակից փորձարկող-օդաչու Ռուբեն Եսայանն է: 1999թ. ՌԴ նախագահ Բորիս Ելցինը Ռուբեն Եսայանին շնորհել էր ՌԴ վաստակավոր փորձարկող-օդաչուի կոչում, իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը 2006թ. շնորհել էր ՌԴ հերոսի կոչում:

Թանգարանում մաեւ տիեզերագնացության եւ ավիացիայի զարգացման գործում ավանդ ներդրած հայ խոշոր գիտնականների ստենդն է դրված։ «Նրանք հիմնականում գաղտնի գիտնականներ են: Պյոտր Կապիցան նրանց մասին հետեւյալ կերպ է արտահայտվել. զարմանալի է, այդքան  փոքր հայ ժողովուրդ, եւ որքան իմաստուններ է ծնել: Լուսնագնացները, տիեզերական սարքերը ստեղծվել են հիմնականում նաեւ նրանց ջանքերի շնորհիվ», - նշեց Ռազմիկ Գասպարյանը:

1999թ. թանգարանի մասին տեղեկությունն ընդգրկվել էր Ֆրանսիայում լույս տեսնող ավիացիայի թանգարանների կատալոգում: Հայաստանի թանգարանը հայտնվել էր կատալոգի առաջին էջում:  Իհարկե, այբբենական կարգով էր դասավորված, սակայն ամեն դեպքում հաճելի է:  Կատալոգը տարածվել էր ամբողջ աշխարհում, թանգարանով սկսել էին հետաքրքրվել:  Հարցումներ են ստացվում Ճապոնիայից, Ֆրանսիայից, Անգլիայից:  «Ճապոնացի ավիատորները նամակ էին ուղարկել` խնդրելով իրենց տրամադրել մեր օդաչուների համազգեստի կրծքանշանները: Ես կատարեցի նրանց խնդրանքը: Ի պատասխան` նրանք ուղարկեցին ճապոնացի օդաչուների կրծքանշանները: Անգլիայից հարցում էր ստացվել 20-ականների օդաչու Արմենակ Սարգսյանի վերաբերյալ: Այդ վեց երեխաներ ունեցող հրաշալի ընտանիքի չորս երեխաները օդաչուներ էին, ընդ որում` մեկը կին էր»: Հրապարակումներ կան նաեւ արտասահմանյան մամուլում:   

Սակայն հայրենական պետական կառույցների վերաբերմունքը համարժեք չէ: «Ոչ օգնություն, ոչ ուշադրություն: Մշակույթի նախարարության ներկայացուցիչներին առաջին տարին չէ, որ հրավիրում ենք այցելել թանգարան: Պատասխան չկա: 2001թ.  որոշվել էր սեպտեմբերի 30-ը հռչակել Քաղաքացիական ավիացիայի օր: Տոնը մնաց «թղթի վրա»:

«Ավիացիայի հանդեպ նման վերաբերմունքը խորապես  հիասթափեցնող է։ Այլ կառույցների նկատմամբ, այդ թվում՝ ուժային, ամենայն հարգանքով հանդերձ պետք է նշեմ, որ նրանք ի վիճակի չէին ժողովրդին պաշտպանել այնպես, ինչպես դա արեց ավիացիան։ Հենց օդաչուներն էին Կրասնովոդսկից, Բաքվից, Կիրովաբադից տեղափոխում հայերին՝ ադրբեջանցի վայրագություններից փրկելու համար», - ասել է Ռազմիկ Գասպարյանը։

Մեկ այլ անհանգստացնող հարց է Զվարթնոց» օդանավակայանի ներկայիս տնօրեն Էդուարդո Էռնեկյանի՝ հին շենքը քանդելու մտադրությունը։

 «Բոլոր ավիատորների անունից հայտարարում եմ՝ մենք կտրականապես դեմ ենք այդ նախաձեռնությանը», - ընդգծել է  Ռազմիկ  Գասպարյանը։

Նա նաեւ հավելել է, որ թանգարանի շենքը իրենց համար միանգամայն բավարար է։ «Միայն լավ կլիներ մոտակայքում դուրս գրված օդանավ դնել»։ Շատ երկրներում տեխնիկայի հատուկ թանգարաններ կան, որտեղ մեքենաների եւ օդանավերի հին եւ ժամանակակից մոդելներ կան։

 «Ավիացիան այնքան մեծ օգուտ է տվել ազգին եւ  պետությանը, իսկ այժմ դրան հարկ եղած ուշադրություն չեն դարձնում։

Ոգեշնչում է այն, որ երիտասարդությունը դեռ երկինք է ձգտում: Գալիս են երիտասարդ տղաներ եւ աղջիկներ, հետաքրքրվում են` որտեղից կարելի է պարաշյուտով թռչել, սովորել թռչել: Ցավոք,  աերոակումբները փակվել են եւ չի նկատվում իրավասու մարմինների՝ դրանք վերաբացելու ձգտումը»:

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի թանգարանը բացառիկ է տարածաշրջանում, հարեւան երկրներն այդպիսի թանգարաններ չեն ունեցել եւ չունեն: «Թանգարանը պետք է պարտադիր լինի օդանավակայանի տարածքում, որպեսզի այցելուները կարողանան տեսնել օդանավերը: Սակայն թանգարանի մուտքը պետք է ազատ լինի», - ընդգծել է Ռազմիկ Գասպարյանը:

Այս հարցըը նույնպես ցավոտներից է: Վերեւում արդեն նշվել է, որ  թանգարանը գտնվում է ՔԱԳՎ-ի տարածքում, եւ մուտքը հասանելի է միայն հատուկ թույլտվությամբ:  Կարծում եմ, որ այդ հանգամանքը պակաս կարեւոր չէ. Այցելությունների համար ազատ թանգարանը կդառնար աշակերտների, երիտասարդության, եւ ընդհանրապես, զբոսաշրջիկների հաճախակի այցելության վայր, որոնք մեկնում կամ ժամանում են «Զվարթնոց» օդանավակայանով:

Մարիամ Լեւինա