Ղրիմի միացումը Ռուսաստանին ծայրահեղ վտանգավոր է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ աշխարհի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի փորձագետ Ադամ Սաուերը:

Նրա խոսքով՝ երբ Ղրիմի բնակիչները չգնան «սադրանքի, կապված այսպես կոչված հանրաքվեի հետ», եւ «Ռուսաստանը չգնա բաց ռազմական հակամարտության Ուկրաինայի հետ», այդ ժամանակ կարելի կլինի վերադառնալ Ղրիմի Ինքնավար Հանրապետությանը Ուկրաինայի կազմում հատուկ կարգավիճակ տալու շուրջ բանակցություններին: Դա, ըստ նրա, լավատեսական տարբերակն է:

«Ռուսական ագրեսիայի դեպքում Ղրիմը կդառնա հերթական աղքատ տարածաշրջանը՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի նման, որը կսնվի ՌԴ բյուջեից եւ ենթակառուցվածքների (երկաթուղի, քաղցրահամ ջրի, էլեկտրաէներգիայի, գազի, հեռուստահաղորդակցության հասանելիություն, որոնք բոլորն անցնում են Ուկրաինայի տարածքով) հետ կապված լուրջ խնդիրներ կունենա, մեծ վնասներ կկրի զբոսաշրջային սեկտորի ոչնչացման պատճառով եւ իսկական էթնիկ հակամարտություն կլինի»,-ասել է Ադամ Սաուերը:

Փորձագետն ընդգծել է, որ իհարկե, բացի Ռուսաստանից եւ Սիրիայից, ոչ ոք չի ճանաչի նախատեսված հանրաքվեի արդյունքները, քանի որ «այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, ոչ մի ընդհանուր բան չունի հանրաքվեի հետ, բացի անունից»:

Դա, ըստ Սաուերի, իրավական տեսանկյունից ֆարս է, քանի որ չի համապատասխանում ժողովրդավարական հանրաքվեի չափանիշներին: «Ուկրաինայում մնացել է միակ ճգնաժամը, որը մտահոգություն է առաջացնում. Դա Ղրիմն է: Այդ ճգնաժամը միավորել է ուկրաինացի ժողովրդին: Կարելի է ասել, որ Եվրոպայում նոր, ժողովրդավարական ազգ է ի հայտ եկել: Բոլոր մնացած ներքին խնդիրներն Ուկրաինայում լուծման բացարձակապես կանխատեսելի ալգորիթմներ ունեն: Տնտեսական հարցերը նույնպես արդեն լուծվում են միջազգային ֆինանսական օգնության միջոցով»,-հայտարարել է Ադամ Սաուերը՝ հավելելով, որ Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի առաջիկա շաբաթների ընթացքում: