Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին ներկա է գտնվել մայրաքաղաքում Արդարադատության ակադեմիայի բացման արարողությանը: Հանրապետության նախագահը շրջել է ակադեմիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել պայմաններին, զրուցել ակադեմիայի կառավարումն ու ընթացիկ գործունեությունն իրականացնող պատասխանատուների, ինչպես նաեւ ուսումնական գործընթացում ներգրավված առաջին մասնակիցների հետ:

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ: Հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:

Ակադեմիայի գործունեության նպատակներն են՝ դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մոտ անհրաժեշտ հմտությունների ձեւավորումը եւ մասնագիտական գիտելիքների ընդլայնումը, գործող դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների շարունակական կատարելագործումը, դատավորների եւ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

Արդարադատության ակադեմիայի խնդիրն է՝ կյանքի կոչել դատավորների եւ դատախազների մասնագիտական պատրաստման եւ վերապատրաստման որակապես նոր մոտեցումներ, որոնք բխում են ՀՀ նախագահի կողմից հաստատված Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրից: