Հայաստանի Սահմանադրական դատարանն այսօր՝ ապրիլի 2-ին, Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան: Որոշումը, որ կազմում է 64 էջ, ընթերցեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը (ֆոտոռեպորտաժ):

Միաժամանակ ՍԴ-ն մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին եւ կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը եւ սեփականության իրավունքի սահմանափակումներ են պարունակում:

ՍԴ նախագահը նշեց, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը եւ չհակասեն նրան: Գագիկ Հարությունյանի խոսքով, ՀՀ սահմանադրության մեջ թոշակ եզրույթն ամրագրված չէ, սակայն ամրագրված են սոցիալական իրավունքի հիմնադրույթները: «Էականն այն է, որ իրեն սոցիալական հռչակած պետությունը հստակ ճանաչում է իր սոցիալական պարտավորություննեը: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքով, միջազգային պարտավորություն է ստանձնել ճանաչել յուրաքանչյուրի սոցիալական իրավունքը:

«50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Նա, սակայն, նշեց, որ ներդրման ձեւերն են կարեւոր, եւ պետք չէ մեխանիկորեն փոխառել այլ երկրների փորձերը, առավել եւս երբ այլ երկրներում շտկումներ են կատարվել»,- ասաց ՍԴ նախագահը:

ՍԴ նախագահի խոսքով, Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ թոշակային մասհանումները ձեւավորվում են ոչ թե սոցիալական վճարներից, այլ հանվում են աշխատավարձերից:

Մեկուկես ժամից ավելի կարդալով որոշումը՝ Գագիկ Հարությունյանը հայտնեց որոշումը, ըստ որի գրեթե ամբողջությամբ բավարարել է հայցը:

Նշենք, որ օրենքի մի շարք դրույթներ հասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը ներկայացրել էին ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը, որոնք եզրափակիչ ելույթով են հանդես եկել:

Գործի շրջանակներում որպես պատասխանող էին հանդես գալիս Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոնյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն ենթադրում է, որ 1974թ հունվարի մեկից հետո ծնված քաղաքացիներրի աշխատավարձերից պարտադիր կերպով մասնավոր ֆոնդերում պահվելու է 5 տոկոսը, եւս հինգ տոկոս վճարելու է պետությունը: Նշենք, որ օրենքը դժգոհություն է առաջացրել քաղաքացիական հասարակության շրջանում՝ սկիզբ տալով «Դեմ եմ» շարժմանը: Նոր օրենքին դեմ են նաեւ խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս ուժերը՝ հավաստիացնելով, որ պարտադիր բաղադրիչը հաասահմանադրական բնույթ կրում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am