Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայաստանցի ուխտավորները հնարավորություն են ունենալու Սուրբ Զատիկը նշել Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նարեկավանք տուր» ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը:

«Մենք ապրիլի 20-ին ապահովելու ենք հայերի ներկայությունը Աղթամարում: Պատարագ չի լինելու, որովհետեւ Ստամբուլի հայոց պատրիարքարանը տարին մեկ անգամ է միայն պատարագ անում Սուրբ Խաչում, սակայն աղոթք կլինի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ սակավաթիվ հայեր են ապրիլ ամսին եղել Աղթամար կղզում:

«Հրաշալի տեսարան է: Ամբողջ կղզին նուշի ծաղկած ծառեր են, իսկ եկեղեցու դիմաց հայկական Տավրոսի լեռնաշղթան է, որն ամբողջությամբ ձյունածածկ է»,- նշեց նա՝ հավելելով, որ ուխտագնացությունը սկսվելու է ապրիլի 19-ին:

Նշենք, որ Պոլսո Հայոց Պատրիարքարանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տարվա միակ թույլատրված պատարագը մատուցում է Խաչվերացի տաղավար տոնին՝ սեպտեմբերի 2-րդ կիրակի։