Խորհրդային տարիների հայտնի պետական գործիչ, հակասական կերպար հանդիսացող Անաստաս Միկոյանի արձանը Հայաստանի մայրաքաղաքում տեղադրելու Երեւանի ավագանու որոշումը բուռն հակազդեցություն է առաջացրել սոցիալական ցանցերում ու հասարակության մեջ:

Այս առնչությամբ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում, մասնավորապես, նշեց. «Լենինյան եւ ստալինյան շրջանի կարկառուն պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի Երեւանում, քանի որ նա Հայաստանի համար ոչինչ չի արել, հակառակը՝ անմիջական մասնակցություն է ունեցել ստալինյան ռեպրեսիաներին»: Նրա խոսքով՝ այդ մասին իրենց արխիվում փաստաթղթեր կան: «Մահացածների ոսկորները պետք է հանգիստ թողնել, շատ բարդ խնդիր է: Միկոյանն իհարկե մասնակցել է բռնադատումներին, դեր է խաղացել որոշակի, այս մարդկանց պետք է հանգիստ թողնել, ոչ արձաններ դնել, ոչ փողոցներ անվանել, թողնել այդ հարցը ապագա սերունդներին, իրենք մեզնից խելացի են: Միկոյանը մեծ քաղաքական գործիչ է, խորհրդային մասշտաբի, սակայն ի՞նչ է արել նա Հայաստանի համար, բացարձակապես ոչ մի բան»,- ասում է ազգային արխիվի տնօրենը:

Նրա խոսքով` ընդհակառակը Անաստաս Միկոյանը նպաստել է, որ ավելի շատ հայերի գնդակահարեն:«Հեռագիր է գնացել Երեւանից Մոսկվա, որ Հայաստանում 500 մարդ ձերբակալելը քիչ է, պետք է դարձնել 1000 մարդ, իսկ Մոսկվան էլ դարձրել է 1500։ Կամ դատական նիստեր կազմակերպել, ցույց տալ, որ ժողովրդի թշնամիները Հայաստանում վխտում են, վնասում են տնտեսությանը եւ այլն, եւ այլն։ Էդպիսի շատ փաստաթղթեր կան իր ստորագրությամբ»,- ավելացնում նա:

Սակայն սա միակ աղաղակող փաստը չէ` ընդդեմ պետական գործչի: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը NEWS.am-ի հետ զրույցում  ներկայացնում է ռուսական արխիվից փաստաթղթեր, որոնցում հստակ ասվում է, թե ինչ դիրքորոշում է ունեցել Միկոյանը Ղարաբաղի հարցում: «1920 թ. մարտի 22-ին տեղի է ունեցել Շուշիի հայերի ահռելի կոտորածը, որից հետո քաղաքում հայ չի մնացել, քաղաքն էլ հրդեհվել է: Այս համագումարի մասին է, որ Շուշիի հայկական կոտորածներից հետո բոլշեւիկները, այդ թվում Միկոյանը, կենտրոնին տեղեկացնում են, իբրեւ հայերը «վճռականորեն արտահայտվել են Ադրբեջանի հետ լիակատար միասնականության օգտին»: Կարելի է վստահ լինել, որ Միկոյանը հստակ գիտեր, թե ինչպես է ձեռք բերվել Ղարաբաղի հայության 1919 թ. համագումարի որոշումը եւ թե իրականում ո՞րն էր այդ որոշումը: Միկոյանը Բաքվում է եղել այս հեռագրերը ուղարկելուց մեկուկես տարի առաջ, եւ Բաքվի հայության սարսափելի կոտորածը նրա աչքի առաջ է կատարվել, մասամբ՝ նաեւ բոլշեւիկների, Բաքվի կոմունայի, ուրեմն նաեւ՝ իր մեղքով:

Սակայն Միկոյանը, չբավարարվելով այդքանով, իր պարտքն է համարել 1920 թ. հուլիսի 29-ին միայն իր ստորագրությամբ եւս մի հեռագիր ուղարկել Օրջոնիկիձեին. «Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցով մենք զայրացած ենք Կենտրոնի քաղաքականությամբ: Դու նույնպես պնդիր Կենտրոնում մեր տեսակետը: Մենք դեմ չենք Հայաստանի հետ խաղաղությանը, բայց ոչ մի դեպքում Ղարաբաղի ու Զանգեզուրի գնով» (Телеграмма А.Микояна Г.Орджоникидзе. 29.06.1920 // РГАСПИ, ф.64, оп.1, д.17, л.134):

Հավատու՞մ էր արդյոք Միկոյանը իր ուղարկած հեռագրերի շրջանակներում Ղարաբաղի եւ Զանգեզուրի բնակչության անվտանգ ապագային 1918-20 թթ. Բաքվի, Նուխի-Արեշի, Ղարաբաղի հայերի սարսափելի կոտորածներից հետո եւ ինչպե՞ս էր պատկերացնում Հայաստանն առանց այդ տարածքների: Թե՞ դաշնակցության հանդեպ ատելությունն այնքան մեծ էր, որ նա գերադասում էր շրջանցել Հայաստանի ցանկացած միջամտություն Ղարաբաղի ու Զանգեզուրի ճակատագրերի որոշմանը: Պետք է ենթադրել, որ Ադրբեջանի բոլշեւիկներն շտապում էին դեպքերն արագացնել, որովհետեւ ընթացքի մեջ էր Սեւրի պայմանագիրը (այն ստորագրվեց 1920 թ. օգոստոսի 10-ին) եւ նրանք ուզում էին օր առաջ լուծած լինել Ղարաբաղի եւ Զանգեզուրի հարցը՝ փաստի առաջ կանգնեցնելով Սեւրի պայմանագրի վրա աշխատողներին: Իսկ Սեւրի պայմանագրով կոնկրետ Անդրկովկասի երկրների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սահմանները պիտի որոշվեին այս պետությունների ուղղակի բանակցություններով, հակառակ դեպքում դաշնակից պետությունները խնդիրը պետք է լուծեին հատուկ ստեղծվող հանձնաժողովով: Հարց է ծագում՝ ինչու՞ Միկոյանն էլ շահախնդիր էր Ղարաբաղի ու Զանգեզուրի հարցը լուծել առանց Հայաստանի մասնակցության՝ հօգուտ Ադրբեջանի»,- ասում է ազգագրագետը` պնդելով, որ այսպիսի փաստերից հետո անկարելի է նման գործչի արձանը տեղադրել Երեւանի կենտրոնում:

Հարց է առաջանում` արդյոք Երեւանի ավագանին այս մասին չգիտեր, կամ որ արժանիքների համար է որոշում կայացրել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել մայրաքաղաքում:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու մասին որոշումը` պատճառաբանելով, որ դա Երեւանի ավագանու որոշումն է, ոչ թե քաղաքապետարանի: Ի դեպ, ավագանու անդամ է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը նույնպես կողմ է քվեարկել այս նախաձեռնությանը: Հատկանշականն այստեղ այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդային տարիներին այլախոհ է եղել եւ պայքարել է խորհրդային կարգերի դեմ ու այսօր ստացվում է, որ որդին մեծարում է իր հորը բանտերը նետած իշխանության, բռնությունների խորհրդանիշ հանդիսացող խորհրդային գործչին՝ նրա արձանը Երեւանում տեղադրելով:

Երեւանի Ավագանու որոշման մեջ Անաստաս Միկոյանի կենսագրությունը ներկայացված է «շատ գեղեցիկ եւ սահուն»` առաջացնելով մի շարք հարցեր: Օրինակ` ինչպես կարող է Միկոյանը 1924թ.-ին ավարտել Գեւորգյան ճեմարանը, իսկ 1920-1926թթ. աշխատել Ռուսաստանում: Իսկ թե ինչ է արել Միկոյանը Հայաստանի համար, կենսագրության մեջ ոչինչ նշված չէ: Այսպիսի կենսագրության հիման վրա էլ Երեւանի ավագանու անդամները, բացառությամբ ՀՀԿ-ական Հայկ Դեմոյանի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի երեք անդամների, ապրիլի 30-ին որոշում է կայացրել արձանը տեղադրելու մասին:

NEWS.am-ի հարցին` ինչու եք կողմ քվեարկել արձանը տեղադրելուն` Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Սմբատ Լպուտյանը հրաժարվեց պատասխանել, իսկ Հովհաննես Թոքմաջյանն էլ ասաց. «Կողմ եմ քվեարկել` հաշվի առնելով երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու առիթով նրա մատուցած ծառայությունները»: Մեր հարցին` միայն ա՞յս արժանիքի համար, Թոքմաջյանը բարկացավ. «Ասացի` ինչի համար եմ կողմ քվեարկել, իսկ մյուսների բերված փաստարկները ընդամենը քննարկումներ են, որոնք անհրաժեշտ է հետազոտել, չեմ բացառում, որ նման բան եղել է, սակայն պետք է հաշվի առնել տվյալ ժամանակաշրջանը»: Անկախ ամեն ինչից Թոքմաջյանը համոզված է, որ արձանը տեղադրվելու է, քանի որ ավագանին այդպես է որոշել: Թե երկրորդ համաշխարհայինի տարիներին ինչ է արել Միկոյանը Հայաստանի համար, ավագանու անդամն այդպես էլ չպատասխանեց:

Ի դեպ կենսագրականում այդ մասին ոչինչ չկա, իսկ հասարակությունը շարունակում է սոցկայքերում գնահատականներ տալ ավագանու այս որոշմանը` անուղղակի հարց ուղղելով Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, որն այս ամենի հեղինակն է: Թե ինչու է քաղաքի գլխավոր ճարտարապետը որոշել Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում տեղադրել Միկոյանի արձանը, մեզ պարզել չհաջողվեց, հատկապես երբ մենք ունենք ազգային շատ հերոսներ, որոնց արձաններն այսօր Հայաստանում չկան:

Աիդա Հովհաննիսյան