Արարատյան դաշտում արտիզյան ջրերի նվազումը ազդել է Արարատի եւ մարզերի խմելու ջրի վրա, NEWS.am-ի թղթակցին ասել է  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը։ Նա նշել է, որ ջրի մակարդակի նվազումը ջրի արտամղման նոր ծախսեր չի պահանջել, բայց ջուրը քչացել է։

Նշենք, վերջին տարիներին ընկերությունը լրջորեն նվազեցրել է էլեկտրաէներգիայի բաժնեմասը ջրի ինքնարժեքում՝ 2005թ.  63%-ից 2013թ.  հասցնելով 23%։

2013թ. սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Արարատյան դաշտի արտիզյան ջրերի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտության մասին եւ կառավարությանը կարգադրել ապօրինի հորերը փակելու գործողություններ ձեռնարկել։

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 2004թ.-ից կառավարվում է ֆրանսիական SAUR ընկերության կողմից: Ընկերության գործունեության գոտում են Հայաստանի 7  մարզեր: Ընկերությունն ընդգրկված է հայ-գերմանա-ֆրանսիական ձեռնարկության կազմում, որը կառավարում է մնացած երեք մարզերի ջրամատակարարումը: