Շուտով էլեկտրականությունը 10 տոկոսով կթանկանա, հնարավոր է եւ ավելին: Ինչի՞ սա կհանգեցնի: Նշենք, որ էլեկտրաէներգիայի գնի իրական աճը 1 տոկոսով կարող է հանգեցնել մինչեւ 0.1 տոկոս գնաճի:

Հայաստանում տարվա ընթացքում էլեկտրաէներգիան մոտ 40 տոկոսով թանկացել է: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընդհանուր գնաճը տարվա ընթացքում 4 տոկոսից պակաս է: Օգոսոտոին էլեկտրաէներգիայի գնի իրական աճը կհասնի 35 տոկոս, եթե  հիմք վերցնենք անցյալ տարվա հունիսը: Այստեղից էլ եզրակացություն, որ թանկացումը 3.5 տոկոս գնաճի կհանգեցնի:

Հասարակ բնակչության համար թանկացման հետեւանքները պարզ են: Ի՞նչ կլինի հայրենական արտադրության հետ: Այս հարցով դիմել ենք Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների(գործատուների) միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին կտուժի ինտենսիվ էներգակիր արդյունաբերությունը: Օրինակ, «Արմենալ» գործարանը, որն այժմ հաջողությամբ գործում է: Ռիսկայի գոտում  է նաեւ սնունդի եւ թեթեւ արդյունաբերությունը, ոսկերչությունը եւ այլն:

Այս կապակցությամբ Կիրակոսյանը զարմանքով հարցնում է. արդյունաբերության մի շարք ճյուղեր զարգացման ռազմավարություն ենք մշակել, միեւնույն ժամանակ էլեկտրաէներգիայի սակագի՞նն ենք բարձրացնում: Հասկանալի է, որ տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացմամբ մրցունակությունը կնվազի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկայում:

Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում  աշխատողների թվի, աշխատավարձի կրճատում: Միության տնօրենը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացմամբ ձեռներեցները կարող են դիտավորյալ իջեցնել արտադրության շահութաբերությունը, որպեսզի պահպանեն մրցունակությունը նախկին մակարդակում: Սա նշանակում է, որ կնվազեն արտադրության ծավալները: Բացասաբար կարող է անդրադառնալ աշխատավարձերի վրա:

Ներկրվող ապրանքներին փոխարինող բնագավառների իրավիճակի վատթարացմամբ կավելանա համապատասխան ապրանքների ներկրման ծավալը: Խնդրի մեկ այլ հանգամանք՝ այս պահին մի շարք ձեռնարկություններ(մասնավորապես թեթեւ արդունաբերության) վերամշակում են ներկրված հումքն ու արտահանում են պատրաստի արտադրանքը:

Արտադրության ծավալի կրճատումը կարող է հանգեցնել օտարերկրյա պահանջարկի կրճատման: Հնարավոր է, որ թանկանա ջուրը, որի մատակարարումը նույնպես կապված է էլեկտրաէներգիայի հետ: Սրան կարող է շղթայական ռեակցիայի հանգեցնել:

«Դոմինոյի էֆեկտը» կարող է տարածվել երկրի տնտեսության մյուս ոլորտների վրա: Բացի այդ, Էդուարդ Կիրակոսյանը նշել է, որ որոշ ձեռներեցներ հաճախ ամեն առիթ օգտագործում են, որպեսզի անհիմն բարձրացնեն գները:

Սմբատ Գրիգորյան