Քեսաբից փախչելուց առաջ ահաբեկիչները ավերել եւ այրել են հայկական բոլոր եկեղեցիները, ավերել նույնիսկ հայկական գերեզմանները, հունիսի 17-ի մամուլի ասուլիսում հայտնել է Սոցիալ-դեմոկրատական-Հնչակյան կուսակցության նախագահի տեղակալ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանը:

Ըստ նրա՝ Սիրիայի բանակը ազատագրել է ողջ Քեսաբի շրջանը, իսկ ահաբեկիչները փախել են դեպի Թուրքիայի սահման: «Ճիշտ է, արեւմտյան բոլոր լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ սահմանը հասցրել են փակել՝ թույլ չտալով ահաբեկիչներին այն անցնել, սակայն դրանք կեղծ տեղեկություններ են: Թուրքիան բացել է սահմանը, եւ ահաբեկիչները նորից վերադարձել են նրա տարածք, իսկ  նրանց մյուս մասը՝ Սիրիայի այլ նահանգներ», - նշել է Մեսրոպյանը:

Հիշեցնենք, որ օրերս Սիրիայի՝ ահաբեկիչների կողմից գրավված հայերով եւ ալեւիներով բնակեցված Քեսաբ շրջանը ազատագրվել է Սիրիայի զորքերի կողմից: