«Ռոսնեֆթ» ընկերության դուստր ձեռնարկությունն արդեն աշխատում է Հայաստանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի (Հայաստան նավթամթերքի խոշորագույն ներմուծողներից մեկի) սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը: «Մենք «Ռոսնեֆթ»-ի հետ աշխատում ենք բավական երկար ժամանակ եւ լավ պայմաններով»,- հայտարարեց Բեգլարյանը:

Հարցին, պատրաստվո՞ւմ է, արդյոք, «Ռոսնեֆթ Հայաստան»-ը մտնել բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ շուկա, թե՞ սահմանափակվելու է հայկական ընկերություններին մեծածախ վաճառքով, Բեգլարյանը պատասխանեց. «Առայժմ մանրածախ շուկա չի մտել, բայց մեկը մյուսին չի խանգարում»:

Իսկ որքանո՞վ է ռուսական բենզինը համապատասխանում Եվրո-4-ի էկոլոգիական չափանիշներին: Այս մասին հարցին էլ Բեգլարյանը պատասխանեց, որ «եվրո»-ի չափանիշները Հայաստանում առայժմ չեն գործում:

Նա նաեւ հավելեց, որ ռուսական բենզինի որակը բավական բարձր է, իսկ մաքսատուրքի վերացումն այն մրցունակ է դարձնում եվրոպականի համեմատ:

Նշենք, որ ՌԴ արտահանման տուրքի վերացումը չափազանց էժանացնում է ռուսական բենզինը: Ներկայում մաքսատուրքը կազմում է 346.68 դոլար՝ 1 տոննա բենզինի համար կամ 141 դրամ`1 լիտրի համար (ներկա փոխարժեքով):

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը համաձայնագիր ստորագրեցին Հայաստան ներմուծվող ռուսական նավթամթերքի, ալմաստի հումքի եւ բնական գազի մաքսատուրքը վերացնելու մասին: Առանց մաքսատուրքի տարեկան կարելի է Հայաստան ներմուծել 300 հազար տոննայի սահմաններում նավթամթերք, ալմաստի հումք եւ բնական գազ: