Թբիլիսիում «Չիխուրա»-«Բուրսասպոր» խաղից հետո բախում է գրանցվել վրացի եւ թուրք լրագրողների միջեւ: Խաղից հետո ծեծկռտուք են սկսել ոչ միայն երկու թիմերի ֆուտբոլիստները, այլեւ երկու երկրների լրագրողները:

Լրագրողների միջեւ միջադեպը գրանցվել է ասուլիսների սրահում, որտեղ «Բուրսասպոր»-ի մարզիչ Շենոլ Գյունեշը սկսել է բղավել վրացի լրագրողների վրա: Թուրքերենի տիրապետող վրացի լրագրողներից մեկը լսել է, թե ինչպես է թուրք լրագրողը «Բուրսասպոր»-ի մարզչին խնդրում ոչինչ չթարգմանել վրացիների համար: Հատկապես ակտիվ են եղել պարտությունից վրդովված թուրքական մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Վրացական մամուլի փոխանցմամբ, նրանցից մեկը բանավոր վիրավորանք է հասցրել վրացի գործընկերներին:

Ինչպես ֆուտբոլիստների միջեւ կռվի ժամանակ, այնպես էլ այս դեպքում ոստիկանության միջամտության կարիք է զգացվել:

Հուլիսի 24-ին «Չիխուրա»-ի եւ «Բուրսասպոր»-ի ֆուտբոլիստների միջեւ 11 մետրանոցների շարքից հետո բախում է գրանցվել: Միջադեպը սկսվել է, երբ վրացի ֆուտբոլիստներից Թոռնիկե Մումլաձեն հաղթական գոլը ցուցադրաբար տոնել է թուրք երկրպագուների առջեւ:

Եվրոպայի լիգայի որակավորման փուլում «Չիխուրա»-ն 4:1 հաշվով հաղթել է թուրքական «Բուրսասպոր»-ին՝ վաստակելով հաջորդ փուլի ուղեգիրը, որտեղ Սաչխերեի ակումբի մրցակիցը լինելու է Բաքվի «Նեֆթչի»-ին:

Հավելենք, որ մարզադաշտում վրացական նեոնացիստներ են եղել, ովքեր էլ կազմակերպել են հակաթուրքական ելույթը: