Երեւանի տաքսի ծառայությունում 4-5 հազար վարորդի պակաս կա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տաքսու վարորդների իրավունքները պաշտպանող «Քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Գեւորգ Դոստուրյանը: Նրա խոսքով՝ դեռ մայիսին այդ մասին հայտարարում էին մի շարք տաքսի ծառայությունների ղեկավարներ Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ:

Տաքսի ծառայություններից վարորդները գերադասում են դուս գալ ու զբաղվել անհատական տեղափոխմամբ: Կա երկու առավելություն, եթե տաքսի ծառայությունում աշխատում են օրական 12 ժամ եւ ավելի, ապա մասնավորը կարող է անհրաժեշտ գումարն աշխատել առավոտյան, երբ բոլորն աշխատանքի են շտապում, կամ ուշ երեկոյան, երբ չկա ավտոբուս կամ միկրոավտոբուս՝ այսինքն 8 ժամ աշխատանք ցերեկային ընդմիջմամբ: Քիչ թե շատ օգնում է գումար վաստակել նաեւ այն, որ նման վարորդների մոտ նվազագույն վճարը 600 դրամ չէ, ինչպես ծառայություններում, այլ 1000 դրամ:

«Ուստի տաքսի ծառայությունները դատարկ են, ամենքում վարորդի կարիք կա»,- հայտարարել է Դոստուրյանը: