Երեւանում այս տարի հիմնական դպրոցն ավարտել է 6868 աշակերտ, միջնակարգ 12 դպրոցներն էլ ունեցել են 443 շրջանավարտ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը :

Նրա խոսքով՝ 23 մանկապարտեզներ վերանորոգվում եւ հիմնանորոգվում են:  5-ում աշխատանքներն ավարտվել են: Գույքի արդիականացման ծրագրով մանկապարտեզները կահավորվում են մանկական նոր մահճակալներով, անկողնային պարագաներով, խոհանոցային տեխնիկայով եւ անհրաժեշտ այլ պարագաներով:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին խոսելով՝ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մարզական զանգվածային միջոցառումները, ինչպես նաեւ հանրապետական եւ համահայկական նշանակության մրցաշարերում Երեւանի թիմի գրանցած հաջողությունները: «Քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցներ է հաճախում 2245 երեխա: Նախորդ տարվա առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 1618:  Սա իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար: Այս տարվա ծրագրով մենք կլուծենք նաեւ 5 մարզադպրոց ջեռուցման համակարգերով ապահովելու հարցը, ինչը եւս կնպաստի երեխաների թվի աճին եւ մրցաշարերում մեր պատանի մարզիկների հաջողություններին»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: