Հուլիսի 31-ին ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից էր, հասարակ ընտանիքից։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:

«Խելոք, համեստ, անմիջական երիտասարդ էր, շրջապատում ընկերների կողմից հարգված: Մինչեւ բանակ գնալն էլ հորն էր օգնում: Հայրն արհեստավոր մարդ է, բացի այդ հող են մշակում»,- ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Խանոյանը մեկ քույր ուներ՝ իրենից փոքր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Գործողության հետեւանով զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: