Բրիտանական BBC-ն հետաքրքրվել է «Մեկ հայ՝ մեկ հոդված Վիքիպեդիայում» նախաձեռնությամբ, որով հանդես է եկել ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Այդ թեմային նվիրված հոդվածում գործակալությունը նշում է, որ Վիքիպեդիայում հոդված գրելու «հայրենասիրական պարտականություն է» դրվել հայերի վրա:

«Երեւում է՝ հայկական Վիքիպեդիան էջերի քանակությամբ՝ ավելի քան 390.000, առաջ է անցնում հարեւան Վրաստանի եւ Ադրբեջանից»,- ասվում է հոդվածում:

Նշվում է նաեւ, որ արշավը սկսվել է YouTube-ում տեղադրված տեսանյութից, որտեղ ականավոր գործիչներն ամբողջ աշխարհի հայերին կոչ են անում հոդվածներ գրել Վիքիպեդիայում: Նրանց թվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով հայտարարել է, որ արդեն հոդված է ավելացրել Հայոց բանակի մասին: