ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն, այսօր՝ օգոստոսի 4-ին, անփոփոխ թողեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման:

Դատարանը որոշումը դատապարտյալն ընդունեց անվրդով, մինչդեռ նրա մայրը՝ Անահիտ Նիկոլյանը, բարկացավ  եւ  առանց վճիռը մինչեւ վերջ լսելու  դուրս եկավ նիստերի դահլիճից՝ ասելով. «Քանի որ դուք քար եք, պատ եք, քարերի համար էլ կարդացեք: Ճիշտ էին ասում, որ սա պատվեր է: Դուք վարժեցրած կապիկներ եք»:

27-ամյա Հարություն Սարգսյանը վճիռը լսելիս կարծես չզարմացավ, դահլիճից դուրս գալիս էլ դիմեց մորը. «Տո մի մտածի, այ մամ, Աստված իրանց դեմը բերելու ա»:

Նշենք, որ  օգոստոսի 1-ին Վերաքննիչ բողոքի քննությունն անցել էր առանց ամբաստանյալի պաշտպանների, եւ  դատարանը, անհիմն համարելով նիստը հետաձգելու վերաբերյալ դատարանին ուղարկված պաշտպանների դիմումները, որոշել էր քննությունն ավարտված համարել եւ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։