«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ կազմակերպությամբ, օգոստոսի 4-18-ին պեղման ու ուսումնասիրման աշխատանքներ են իրականացվել ԼՂՀ Մարտունու շրջանի  Ամարասի Սբ. Գրիգորիսի  մատուռ - դամբարանի շրջակայքում, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ:

ԼՂՀ զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության փոխանցմամբ՝ հնագիտական հետազոտության ընթացքում արդեն մեկ ու կես մետր խորությունից երեւան եկան սրբատաշ մեծ բլոկներով շարված երկու զուգահեռ պատեր, որոնք ամբողջովին համապատասխանում էին ներկայիս եկեղեցու բեմի տակ գտնվող դամբարանի արեւելյան միջանցքի պատերի շարունակությանը: Պարզ դարձավ, որ եկեղեցու արեւելյան պատից դուրս դամբարանի ծավալային լուծումը միանշանակ ցուցող լուրջ հետքեր են պահպանվել, որոնք  վկայում են, որ դամբարանն ունեցել է աստիճանապատ արեւելյան մուտք, իսկ մուտքի ճակատների հիմքին հավասար դրված ուղղանկյուն փորվածքներից դատելով՝ նաեւ շքամուտք: Պեղումները մի շարք էական արդյունքներ են տվել, այն է` մակերեսից 3մ խորության վրա  պատերը շրջանցող գետնախարսխի հայտնաբերումը, ինչը հնարավոր դարձրեց հավաստել, որ դամբարանը եղել է ոչ թե ստորգետնյա, այլ կիսագետենափոր: Պեղումներով հայտնաբերված հարյուրից ավելի վաղմիջնադարյան կղմինդրի բեկորները վկայում են, որ կառույցի տանիքը եղել է կղմինդրապատ:

Հաջորդ էական գյուտը դեպի դամաբանախուց տանող աստիճանների հյատնաբերումն է՝ թվով վեց հատ, որը հիմք է տալիս պնդելու, որ ստորին աստիճանը համապատասխանում է կառույցի հատակի մակարդակին: Կարեւոր հայտնագործություններից է արեւելյան մուտքի առաջ ընդարձակ սալահատակը:  Հարկ է նկատել, որ վաղմիջնադարյան նույնիսկ ամենամեծ տաճարները շքամուտքերի առաջ նման սալահատակներ չունեն: Արեւելյան նման ընդգծված միջանցքն ու մուտքը, սալահատակը հիմք են տալիս ենթադրել, որ Գրիգորիսի դամբարանից արեւելք եղել է մեկ այլ, թերեւս շատ ավելի կարեւոր կառույց, որն էլ պայմանավորել է կառույցի արեւելյան ձգված միջանցքը, մուտքը եւ սալահատակը:

Պեղումները ցույց տվեցին, որ եկեղեցու արեւելյան պատին կից մոտ 3*3մ հատվածը մի անգամ չէ, որ փորփրվել է, իսկ դրանից դեպի արեւելք 3 մետր լայնությամբ հատվածը պահպանել է մշակութային շերտերի համեմատաբար անխաթար վիճակը: Այն կարելի է բաժանել չորս ժամանակագրական շերտերի՝ ժամանակակից, 17-19-րդ դարերի, 10-14-րդ դարերի եւ վաղմիջնադարյան, որոնք բնրոշվում են համապատասխան գտածոներով եւ հողի որակի փոփոխություններով: Առանձնակի նշելի են 17-18-րդ դարերի գունազարդ եւ փայլանախշ խեցեղենը, կավե ծխամորճերի բեկորները, 18-19-րդ դարի ապակին, 10-11-րդ դարերի ջնարակապատ խեցեղենի բեկորների գյուտերը:

Նյութը տրամադրել է պեղող արշավախումբը: