Վրաստանը երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է սկսել: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2»-ը՝ վկայակոչելով Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլիին:

«Գլխավոր դատախազության համապատասխան իրավական հարցման հիման վրա սկսվել է Միխայիլ Սահակաշվիլիի դեմ միջազգային հետախուզում հայտարարելու եւ նրան Ինտերպոլի կարմիր շրջաբերականում ընդգրկելու գործընթաց»,- նշել է Սուխիաշվիլին:

Ավելի վաղ Սահակաշվիլիի դեմ Վրաստանում ներքին հետախուզում էր հայտարարվել: Դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է պետական անվտանգության հատուկ ծառայության բյուջեից 5 մլն դոլար ծախսելու մեջ:

Միխայիլ Սահակաշվիլիի դեմ մեղադրանք է ներկայացվել նաեւ 2005թ. հուլիսի 14-ին երկրի խորհրդարանում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու համար: