Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ճիշտ ու հավասարակշռված է անվանել Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2011թ. Ղրղզստանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: 2014-ի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության նիստի ընթացքում ստորագրվեց հայտարարություն՝ ՄՄ-ին Ղրղզստանի անդամակցության վերաբերյալ միջոցառումների ծրագրի մասին:

Օգոստոսի 30-ին Ղրղզստանի կառավարությունը միաձայն հաստատեց օրենքների փաթեթը, որոնք հարկավոր էին ՄՄ-ին եւ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միավորված տնտեսական միջավայրին անդամակցելու համար:

«Կցանկանայի, որ արդեն հունվարի 1-ին մենք Մաքսային միության լիիրավ անդամ դառնայինք»,- ասել է Ալմազբեկ Աթամբաեւը Ղրղզստանի անկախության օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությունների ժամանակ: