Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը գյուղական համայնքների հետ համատեղ ստորագրահավաք են անցկացրել եւ Սուրեն Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնին վերադառնալու հարցով դիմել վարչապետին եւ նախագահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչագան Ադունցը:

Նա տեղեկացրեց, որ համայնքապետերով նախաձեռնել են ստորագրահավաք, բայց տեղյակ չէ դպրոցների տնօրենները, մանկավարժները մասնակցել են, թե ոչ: «Դա մեր սրտի ցանկությունն է եւ մեր նախաձեռնություն եւ ոչ միայն մերը, համոզված եղիր, որ բնակչության լուրջ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը ցանկանում են, որ նա վերադառնա, դա մեր իրավունքն է եւ մեր իրավասությունների շրջանակում»,-ասաց նա:

Հարցին,թե ինչի եք ուզում, որ նախկին մարզպետը վերադառնա, քաղաքպետը պատասխանեց, որ նա շատ լավ մարդ է:, գիտի Սյունիքի բնակչությանը, նրա հոգսերը, նպատակները: Դիտարկմանը, թե ինչպես եք Բուդաղյանների դեպքից հետո նման ստորագրահավաք նախաձեռնել, նա նշեց, որ դա անձնական դեպք է, պետք չի անընդհատ դրա մասին վերհիշել:

Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, որ որոշ տեղեկություններով՝ նախօրեին կայացած ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նիստին ներկա Սուրիկ Խաչատրյանին հանձնարարել է ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում: Եթե հավաքի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն եւ ցույց տա, որ ինքը դեռ ընդունված է մարզում, կստանա բաղձալի նշանակման հրամանը:

Որոշ տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանն արդեն իսկ լծվել է այդ գործին եւ իր մտերիմներին ու շրջապատին եւս լծել է հավաքելու անհրաժեշտ ստորագրությունները:

Սակայն սյունեցիների խոսքով՝ Լիսկայի մարդիկ ստորագրահավաքն անցկացնում են իրենց շրջապատում: «Նրանք վախենում են հրապարակային դուրս գան եւ ժողովրդից ստորագրություն հավաքեն, քանի որ շատ լավ գիտեն, թե սյունեցիները ոնց են զզվում այդ մարդուց»,- «Ժամանակին» ասացին նրանք: